Քաղաքականություն

Ապրիլի 24-ից հետո գալու է հատուցման եւ պահանջի հարյուրամյակը

2 րոպեի ընթերցում

Ապրիլի 24-ից հետո գալու է հատուցման եւ պահանջի հարյուրամյակը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծիծեռնակաբերդում ներկայացված Համահայկական հռչակագիրը ներկայացնում է իրավական այն թղթածրարը, որով պետք է ներկայացվեն Հայաստանի իրավական պահանջները Հայոց ցեղասպանության հարցում: Դրանք բազմաշերտ են, եւ անհրաժեշտ է հասկանալ` ինչ ենք պահանջում եւ ումից: Տեսակետը Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական բաժնի պետ, միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանինն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 7-ին կայացած ասուլիսի ժամանակ Վարդանյանն ասաց, որ գործ ունենք հսկայական հանցագործության հետ, կան բազմաթիվ դրվագներ եւ այդ հարցում կան համապատասխան հետազոտություններ: «Փաստաթղթերը բազմաթիվ են, սակայն ուսումնասիրությունները շարունակվում են: Գույքային պահանջները, ֆիզիկական անձանց, պետության ներկայացրած պահանջերը տարբեր են եւ տարբեր ընթացակարգեր պետք է անցնեն: Պետք է ներկայացվեն իրավազորությունները, որոնց միջոցով կհասնենք արդար լուծման: Թղթածրարը անընդհատ համալրվելու է փաստաթղթղերով: Սա շարունակական գործընթաց է»,- հայտնեց միջազգային իրավունքի մասնագետը` հավելելով, որ բացի իրավականից, բարոյա-քաղաքական ենթաշերտերն էլ են շատ կարեւոր եւ կհամալրեն գործընթացը:

«Երկիրը, որ ժխտում է Ցեղասպանությունը, կարող է այն կրկին իրագործել: Հետեւաբար, չկա այլ ճանապարհ, քան իրավական ճանապարհով հարցի լուծումը»,- նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը` հավելելով, որ հռչակագրում կցանկանար տեսնել նաեւ Արեւմտյան Հայաստան բառակապակցությունը: «Մեր հեռանկարային նպատակը հայրենիքն է, եւ հայրենզրկման գաղափարը պետք է շրջանառվի միջազգային իրավունքում: Հայրենազրկման հարցի առնչությամբ միջազգային իրավունքի դրույթները բավական խոցելի են: Այս հարցը պետք է կարգավորվի, որպեսզի հետագայում մեր հայրենիքը ետ վերադարձնելու հիմք ունենանք»,- ընդգծեց պատմաբանը` հավելելով, որ հարյուրերրորդ տարելիցից հետո գալիս է հատուցման հարյուրամյակը, եւ հիմնական պայքարը պետք է լինի հատուցման պահանջը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում