ԳՅՈՒՄՐԻ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետը եւ ավագանին դիմել են Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանին` խնդրելով ազատ արձակել ձերբակալված Մնացական Ալեքսանյանին և հնարավորինս ներողամիտ վերաբերմունք ցուցաբերել հունվարի 15-ի միջադեպի մյուս մասնակիցների նկատմամբ: «2015թ. հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած ոճրագործությունից հետո գյումրեցիների եւ ողջ հայ ժողովրդի արդարացի պահանջները հնչեցվեցին խաղաղ ցույցերի եւ երթերի ընթացքում: Հունվարի 15-ին ցուցարարների եւ ոստիկանության աշխատակիցների բախումների արդյունքում վիրավորվեցին մեծ թվով ցուցարարներ եւ ոստիկաններ: Այդ միջադեպը եւս առաջացրեց Գյումրու բնակիչների վրդովմունքը: Նշված դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում Մնացական Ալեքսանյանի ձերբակալությունը Գյումրի համայնքի եւ տարածաշրջանի բնակչության վրդովմունքի նոր ալիք կարող է առաջացնել: Ստեղծված իրավիճակը լիցքաթափելու նպատակով Գյումրիի բնակչության, ավագանու եւ անձամբ իմ անունից խնդրում եմ ձերբակալված Ալեքսանյանին օրենքով նախատեսված ընթացակարգով ազատ արձակել»,-նշել է քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Մնացական Ալեքսանյանը ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով և 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն և իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը) հունվարի 16-ինհարուցված քրեական գործի շրջանակներում` նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ: