Ավետիսյանների ընտանիքին դաժանաբար սպանած Պերմյակովը տառապում է օլիգոֆրենիայով. ռուսական ԶԼՄ-ներ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանած ռուս զինծառայող Վելերի Պերմյակովը չէր կարող զորակոչվել բանակ, քանի որ տառապում է օլիգոֆրենիայով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ռուսական Газета.ru-ն տեղեկացում է, որ գլխավոր ռազմական դատախազությունը պահանջել է պատասխանատվության ենթարկել ինչպես զինվորական կոմիսարիատի աշխատակիցներին, ովքեր նրան զորակոչել են բանակ, այնպես էլ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատարներին, ովքեր նրան զենք են վստահել:

«Ավելի վաղ նրա մոտ ախտորոշվել էր օլիգոֆրենիա: Առհասարակ իրավունք չեն ունեցել նրան բանակ զորակոչելու, առավել ևս նշանակելու պահակախմբում մարտական զենքով: Այնտեղ կանգնեցնում են ամենաադեկվատներին»,- ասել է ռուսական լրատվամիջոցի բացահայտվել չցանկացող աղբյուրը: Նրա խոսքերով` հանցագործությունն ինքնին իրագործվել է ծայրահեղ անտրամաբանական ձևով` հաշվի առնելով զինծառայողի կողմից զենքի և այլ իրեղեն ապացույցերի հետ վարվելու ձևերը:

«Նախ և առաջ, հետաքննիչները չեն կարողանում հասկանալ, թե ինչու է նա սկսել կրակել, քանի որ Պերմյակովի խոսքերի համաձայն` նրան միայն փող էր անհրաժեշտ և քաղաքացիական հագուստ: Եվ եթե նա պարզապես զենքն ուղղեր մարդկանց վրա և պահանջեր այն, ինչն անհրաժեշտ է, Պերմյակովին ամեն բան կտային, միայն թե նա իրենց չսպաներ: Բացի այդ, սպանությունից հետո նա հանցագործության վայրում էր թողել իր հագուստը և կոշիկները, որոնց վրա կար իր անունը, ինչպես նաև ավտոմատը, որի վրա առկա համարը ցույց էր տալիս, որ այն ամրագրված է կրտսեր սերժանտ Պերմյակովի անունով»,- ասել է լրատվականի զրուցակիցը: Նա հիշեցրել է, որ հանցագործությունից հետո Գյումրի ժամանեց ազդեցիկ պատվիրակություն Մոսկվայից, որի կազմում էր նաև պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արկադի Բախինը, ՊՆ այլ ներկայացուցիչներ, Գլխավոր ռազմական դատախազության դատախազներ, ինչպես նաև Գլխավոր ռազմական հետաքննական ծառայության հետաքննական խումբը:

Ժամանել է նաև ՌԴ քննչական ծառայության ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինը, բայց նա աշխատել է Հայաստանի իրավապահների հետ համագործակցության հարցերով:

Գլխավոր զինվորական դատախազության դատախազներն արդեն պահանջել են Գլխավոր ռազմական քննչական ծառայությունից քրեական գործ հարուցել Չիտայի զինկոմիսարիատի դեմ, որն էլ Պերմյակովին ճանաչել էր «ծառայությանը պիտանի»:

«ՌԴ Քրեական օրենսգրքով` նրանց գործողություններում կան հանցագործության նշաններ, և հնարավոր է` մինչև 5 տարվա ազատազրկում: Սակայն հոդվածի վերջնական տարբերակը, որով նրանց դեմ կարող են գործ հարուցել, պետք է ընտրեն քննիչները»,- ասել է աղբյուրը:

Մեկ այլ աղբյուրի համաձայն` հնարավոր է քրեական գործ հարուցվի Բալեյ քաղաքի զինկոմիսարիատի ղեկավար Ալեկսանդր Լոգինովսկու դեմ:

«Մինչև Գյումրի տեղափոխվելը Պերմյակովը ծառայել է Չիտայում, որտեղ նա ինքնակամ լքել է ծառայությունը: Չնայած դրան` Պերմյակովին տեղափոխել էին Հայաստան»,- հաղորդել է աղբյուրը: Հենց Լոգինսովսկին ռուսական ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել էր, որ Պերմյակովի մոտ նկատել է բնավորության միայն դրական գծեր և նա ոչ մի հիվանդութուն չի ունեցել ծառայության ընթացքում:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Հայերեն Русский