Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-2/1. Տարին՝ նոր հրատարակություններով

3 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-2/1. Տարին՝ նոր հրատարակություններով

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարին դեռ նոր է մեկնարկել, սակայն հրատարակչությունները հասցրել են անակնկալներ պատրաստել ընթերցասերների համար: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն ընթերցասերների դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի վերաբերյալ, ծանոթանալ դասական երկերին և արդի գրականության զարգացման միտումներին: Մեր ցանկերից ընտրեք այն գրքերը, որոնք ձեզ դուր են գալիս և սկսեք ընթերցել:

Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է տարբեր հրատարակչությունների նոր հրատարակած և հանրության դատին հանձնած մի շարք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ ժամանակակից գրականություն

Հակոբ Սողոմոնյան, «Թլփատվածները»

Հակոբ Սողոմոնյանի «Թլփատվածները» եռերգության երրորդ գրքում բացահայտվում է, թե ովքեր են «Թլփատվածները»: Նրանք հարված են հասցնում, և հարվածի ալիքը Արարատի գագաթից տարածվելով, լանջերն ի վար սպանդի է ենթարկում թուրքերին, ստիպում նրանց դիմել սարսափահար փախուստի: Տեսարանը նույնն է, ինչ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ, սակայն դերակատարներն են փոխվել: Առեղծվածային երևույթից շփոթահար աշխարհն այդ ամենը բացատրում է իբրև նորահայտ հիվանդության հետևանք, որին կնքում են «թուրքական գրիպ» անունը: ​Ուխտավորների բազմությունը ուղևորվում է դեպի Արարատի գագաթ և հայտնաբերում Նոյյան տապանը, որտեղ պիտի կատարվի ծիսական մի արարողություն և հայերին պիտի ազատի ցեղասպան դառնալուց, իսկ թուրքերին՝ ցեղասպան լինելուց, այդպիսով փրկագործի մարդկությունը: Զղջումն ու ներումը նույն մարմնավորման մեջ է: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

Թարգմանական գրականություն

Հերման Զուդերման, «Հոգսը»

Գերմանացի գրող Հերման Զուդերմանի «Հոգսը» վեպը հայերեն առաջին անգամ լույս է տեսել ավելի քան 100 տարի առաջ՝ 1913 թվականին, Թիֆլիսում: Այս հրատարակության մեջ կատարվել են անհրաժեշտ խմբագրական միջամտություններ՝ պահպանելով, սակայն, թարգմանչի ժամանակին հատուկ ոճական-շարահյուսական որոշ ձևեր: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

Համաշխարհային դասականներ

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ, «Գիշերն անույշ է»

Մարդկային տարօրինակ ու կործանարար հարաբերությունների պատմություն, որտեղ կարեկցանքը վերաճում է սիրո, իսկ սերը՝ դառնում ճահիճ՝ դեպի անդունդը քաշելով հույսերը, երազներն ու լույսերը: Ֆիցջերալդի այս վեպը գրեթե մեկ դար հեռավորությունից ընթերցողին է կանչում իր հակասական հարցերով ու փշրված երջանկության հմայքով: Թարգմանությունը` Սոնա Սեֆերյանի: Գիրքը հրատարակել է «Զանգակ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում