Իրավունք

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Գյումրիում տարվող հետաքննության վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Գյումրիում տարվող հետաքննության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ոստիկանությունը կոչ է անում կոնկրետ փաստարկներ բերելԳյումրիի ողբերգական դեպքին հաջորդած բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած հասարակական կարգի խախտման և ոստիկաններին մարմնական վնասվածք հասցնելու կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանների կողմից իբր կատարված խախտումների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հայտարարության մեջ նշված է.

«Վերջին օրերին որոշ անձինք և լրատվամիջոցներ լուրեր են տարածում, իբր Գյումրիի ողբերգական դեպքին հաջորդած բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած հասարակական կարգի խախտման և ոստիկաններին մարմնական վնասվածք հասցնելու կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում տարբեր անձինք, այդ թվում` անչափահասներ, անօրինական տարվում են ոստիկանության տարածքային բաժիններ, որտեղ նրանց նկատմամբ իբր նաև բռնություն է կիրառվում: Միևնույն ժամանակ, այդպես էլ որևէ փաստ չի հրապարակվում նման դեպքերի վերաբերյալ, ավելին` այդ անփաստարկ հայտարարությունները «լուրջ» վերլուծության են ենթարկվում:

Ոստիկանությունը, հավատարիմ վերջին տարիներին որդեգրած սկզբունքներին, կոչ է անում կոնկրետ փաստեր ներկայացնել յուրաքանչյուր նման դեպքի մասին: Ահազանգերով կկատարվի քննություն, և մեղավոր անձինք խստագույնս կպատժվեն: Հակառակ դեպքում, նման հայտարարությունները կարող են դիտվել որպես զրպարտություն, և տարածողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ոստիկանության կողմից համապատասխան իրավական գործընթաց կսկսվի»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում