Քաղաքականություն

Էրդողանը կրկին շահարկում է Հայոց ցեղասպանության թեման պատմաբաններին թողնելու իր թեզը

2 րոպեի ընթերցում

Էրդողանը կրկին շահարկում է Հայոց ցեղասպանության թեման պատմաբաններին թողնելու իր թեզը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկնել է չարչրկված իր թեզը պատմաբանների հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Այն ժամանակին սպառիչ պատասխան էր ստացել հայկական կողմից, բայց դա չի խանգարել Էրդողանին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով հարցերին, կրկին անդրադառնալ թեմային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, լրագրողի այն հարցին, թե ինչ նախապատրաստությունների մեջ է Թուրքիան Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին արած հրավերից հետո ինչ հունով են զարգանալու հարաբերությունները` Էրդողանը հիշեցրել է նախորդ տարվա ապրիլին իր ցավակցական ուղերձը` դժգոհելով, որ Հայաստանը դրան դրական պատասխան չտվեց, մինչդեռ այլ պետությունների ղեկավարներն իրենց գոհունակությունն են հայտնել դրանց կապակցությամբ:

Թուրքիայի նախագահը նկատել է, թե հայկական սփյուռքն այս հարցում հանգիստ չի մնում և շարունակում է գործողություններ ծավալել: Էրդողանի ձևակերպմամբ՝ «հայկական սփյուռքը շարունակում է ուշադրություն շեղելու աշխատանքը»: «Մենք նման բանն ընդունել չենք կարող»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ իրենք «պարտավոր չեն ընդունել» Հայոց ցեղասպանությունը: «Մենք հայտարարում ենք, որ եթե այս հարցում անկեղծ եք, եկեք այս հարցը թողնենք պատմաբաններին: Թող այս հարցով զբաղվեն պատմաբանները»,- նշել է Էրդողանը` հայտարարելով, թե իբր թուրքական արխիվները բաց են և շուրջ մեկ միլիոն փաստաթուղթ պատրաստ է ուսումնասիրման: Նա կոչ է արել Հայաստանին և երրորդ երկրներին ևս բացել արխիվները, եթե ունեն այդպիսիք: Էրդողանը նշել է, որ պատմաբանների ուսումնասիրություններից և համապատասխան զեկույցներ իրենց ներկայացնելուց հետո միայն քաղաքական գործիչները կնստեն սեղանի շուրջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում