Երազանքը՝ իրականություն. Կոմիտասի թանգարան-ինստիտուտը բացեց դռները

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ երաժշտական մշակույթի երախտավոր Կոմիտասի ժառանգությունն ու իրերը մշտական բնակության հասցե ունեն` նորաստեղծ Կոմիտասի թանգարան-ինտիտուտ: Պատմական նշանակություն ունեցող մշակութային օջախն այլևս երազանք չէ, այլ՝ իրողություն: 135 ցուցանմուշ ամփոփող թանգարան-ինստիտուտը պաշտոնապես իր դռները բացեց հունվարի 29-ին: Մեծ կարևորություն ունեցող կառույցը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, ունի համերգասրահ, մշտական և ժամանակավոր ցուցադրությունների հնարավորություն: Անկախ Հայաստանի առաջին նորաստեղծ թանգարանի շրջանակում կգործեն գիտահետազոտական կենտրոնը, համերգային դահլիճը, երաժշտական ստուդիան, գրադարանը, հրատարակչությունը:Թանգարան- ինստիտուտը լինելու է լուրջ գիտահետազոտական կենտրոն: Այն իրականացնելու է ուսումնասիրություններ, հանրահռչակելու է Կոմիտասի երաժշտությունը:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի համոզմամբ՝ դժվար էր պատկերացնել, որ ականատես կդառնանք կարևորագույն իրադարձությանը:

«Շատ անարդարացի էր, որ Կոմիտասը մինչև այժմ չուներ թանգարան… Պուրակները, փողոցները, երաժշտական խմբերը, պարային համույթները կրում են Կոմիտասի անունը, տեղադրվել են հուշարձաններ, կիսանդրիներ, բայց, այնուհանդերձ, Կոմիտասը Հայաստանում իր հասցեն պետք է ունենար: Այս թանգարանն ամփոփում է մեր բոլոր իղձերը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հասմիկ Պողոսյանը:

Մշակույթի նախարարը հույս հայտնեց, որ թանգարանը կբացահայտի Կոմիտասի անհայտ կողմերը: «Վստահ եմ, որ բացումից հետո մարդիկ տարբեր նյութեր կբերեն և կզետեղեն այս օջախում, որն այսուհետև կարևորագույն մի վայր է, որտեղ մենք հանդիպելու ենք, մտորելու և խոսելու ոչ միայն երաժշտության մասին, այլև այլ նախաձեռնությունների շուրջ: Մեր ցուցասրահներում առկա են ցուցանմուշներ Գրականության և արվեստի թանգարանից և Հայաստանի ազգային պատկերասրահից»,-հավելեց նախարարը:

Նախագծի հեղինակ և ճարտարապետ Արթուր Մեսչյանը հույս ունի, որ կառույցը կծառայի իր նպատակին: «Հուսով եմ, որ Կոմիտաս վարդապետի թանգարան-ինստիտուտը կբերի որոշակի որակական փոփոխություններ մեր մտածողության և մշակութային զգացողության մեջ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կանեն մարդիկ, ովքեր թանգարանում են: Թանգարանը մարդիկ են, միայն կառույցը չէ: Ճարտարապետությունն իր տեղն ունի, բայց թանգարանը մարդիկ են, այն միջավայրն է ու օդը, որի մեջ պետք է դաստիարակվեն մեր երեխաները: Գլխավորապես մտածում էի եկող սերնդի մասին, կարծում եմ՝ ստացվել է: Ես Կոմիտաս վարդապետի նկատմամբ ազնիվ եմ եղել», -նշեց Արթուր Մեսչյանը:

Թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը մեծ պատասխանատվություն է զգում, քանի որ ղեկավարելու է այս պատմական կառույցը: «Ինչպես յուրաքանչյուր հայ, այնպես էլ ես այսօր հպարտ և ուրախ եմ, քանի որ այսօր ստեղծվել է մի կառույց, որը շատ սպասված է եղել ամբողջ հայ ժողովրդի համար: Մենք ունենալու ենք մշակութային օջախ, որով հպարտանալու ենք: Կառույցն իրականացնելու է կրթական, գիտահետազոտական, համերգային գործունեություն», -ընդգծեց նա:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանի համոզմամբ՝ Կոմիտասը մեր մշակութային կյանքում ամենուր է: «Որպես կոմպոզիտոր նա մշտապես ներկա է եղել մեր կոլեկտիվների երգացանկում, բայց իր անվան հետ կապված վայր չկար: Թանգարանի ստեղծումը Կոմիտասի անունը հասցեական դարձնելն էր», -նշեց երաժշըագետը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կոմիտասի թանգարանի հիմնման առաջարկով հանդես էր եկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2013 թվականի մայիսի 30-ի նիստում:Հանրապետության ղեկավարը 2013-ի սեպտեմբերի 19-ին Կոմիտասի անվան զբոսայգում ներկա է գտնվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի շենքային համալիրի նախագծի հանրային ներկայացման հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում շեշտել է, որ համաձայն է բոլոր նրանց հետ, ովքեր այդ հաստատության գոյությունը համարում են անհրաժեշտություն և ժամանակի հրամայական: Նախագահը համոզմունք էր հայտնել, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կդառնա լրջագույն կենտրոն թե՛ հայ, թե՛ օտար ուսումնասիրողների համար, քանի որ Կոմիտասը պետք է կուռքչլինի, ում պաշտում, բայց չեն ճանաչում:

Նախագիծն իրականացվել է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական և «Լույս» հիմնադրամների միջոցներով:

Հայերեն English Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար