Շոու բիզնես

Հայտնի է «Եվրատեսիլ- 2015»-ում Հայաստանի ելույթի օրը

2 րոպեի ընթերցում

Հայտնի է «Եվրատեսիլ- 2015»-ում Հայաստանի ելույթի օրը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը հանդես կգա առաջին կիսաեզրափակիչում, որը տեղի կունենա մայիսի 19-ին Ավստրիայում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով մրցույթի պաշտոնական eurovision.tv կայքը, հունվարի 26-ին Վիեննայում անցկացվել է մրցույթի անդամ երկրների ելույթների հերթականությունը որոշող վիճակահանություն:

Առաջին կիսաեզրափակիչի առաջին հատվածում հանդես կգան նաև Հունաստանի, Մակեդոնիայի, Էստոնիայի, Նիդեռլանդների, Մոլդովայի, Ֆինլանդիայի, Բելգիայի ներկայացուցիչները, իսկ երկրորդ հատվածում՝ Սերբիայի, Դանիայի, Բելառուսի, Ռումինիայի, Ռուսաստանի, Ալբանիայի, Վրաստանի, Հունգարիայի մասնակիցները:

Երկրորդ կիսաեզրափակիչը կանցկացվի մայիսի 21-ին: Այդ օրն առաջին հատվածում ելույթ կունենան Նորվեգիայի, Իռլանդիայի, Չեխիայի, Լիտվայի, Սան-Մարինոյի, Մալթայի, Պորտուգալիայի, Մոնտենեգրոյի, իսկ երկրորդ հատվածում՝ Շվեյցարիայի, Ադրբեջանի, Սլովենիայի, Լատվիայի, Լեհաստանի, Իսլանդիայի, Իսրայելի, Կիպրոսի, Շվեդիայի մասնակիցները:

«Եվրատեսիլ- 2015»-ի եզրափակիչը կանցկացվի մայիսի 23-ին, որտեղ հանդես կգան նաև հիմնադիր երկրները՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա, ինչպես նաև Ավստրիան՝ որպես նախորդ տարվա հաղթող։

Հայաստանյան պատվիրակի անունն ու երգը հայտնի կդառնան փետրվարին: Մրցույթի պաշտոնական հեռարձակող Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը կանցկացնի արտիստի/արտիստներիեւ երգի ներքին ընտրություն:

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Այս տարվա խորագիրը խորհրդանշում է բոլորին միավորող Եվրոպան:

Եվրոպական հեռարձակողների միության անդամ մի քանի երկիր՝Ուկրաինան, Բուլղարիան,Բոսնիա եւ Հերցոգովինան, Սլովակիան,Թուրքիան, Լիխտենշտեյնը եւ Լյուքսեմբուրգը տարբեր պատճառներով հրաժարվել են մասնակցել մրցույթին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում