Իրավունք

Պատգամավորները Կոստանյանից հետաքրքրվել են Պերմյակովի հնարավոր աջակիցների մասին

3 րոպեի ընթերցում

Պատգամավորները Կոստանյանից հետաքրքրվել են Պերմյակովի հնարավոր աջակիցների մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի հնարավոր աջակիցների մասին հարցին հնարավոր կլինի պատասխանել միայն քննության ավարտից հետո: Ազգային ժողովում «2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի հարցին: «Ունեցե՞լ է արդյոք Պերմյակովը հանցակիցներ, աջակիցներ, նմանատիպ բոլոր հարցերին մենք կկարողանանք պատասխանել միայն քննության ավարտից հետո: Այս պահին այդ մասին ոչինչ ասել չեմ կարող»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց ՀՀ գլխավոր դատախազը:

Պատգամավորի մյուս հարցին, թե հնարավոր է, որ բացի հայ և ռուս իրավապահներից գործի քննությանը ներգրավվեն նաև այլ երկրների իրավապահներ, Կոստանյանն ընդգծեց, որ չկա ոչ միայն դրա անհրաժեշտությունը, այլ դրա հնարավորությունը: «Նախ կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ հայ և ռուս իրավապահների աշխատանքը, վստահ եմ, լինելու է բազմակողմանիության և օբյեկտիվության շրջանակներում: Հնարավորություն չկա, քանի որ Հայաստանի տարածքում իրականացված հանցագործությունը քննում են հայ իրավապահները, Ռուսաստանի տարածքում իրականացված հանցագործությունը՝ Ռուսաստանի տարածքում»,- նշեց Կոստանյանը:

Միևնույն ժամանակ, Կոստանյանն ընդգծեց, որ դատավարական տեսանկյունից կարելի է ներգրավել մասնագետներ այլ երկրներից՝ վստահություն հայտնելով, որ դրա կարիքը ևս չի լինելու, քանի որ հայ և ռուս մասնագետներն իրենց պրոֆեսիոնալ կարողություններով լիովին կկարողանան իրականացնել իրենց պարտականությունները:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում