Իրավունք

ԱԺ-ում մեկնարկել են Գյումրիում սպանության վերաբերյալ խորհրդարանական լսումները

3 րոպեի ընթերցում

ԱԺ-ում մեկնարկել են Գյումրիում սպանության վերաբերյալ խորհրդարանական լսումները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել են «2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով խորհրդարանական լսումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լսումների մեկնարկին մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին սպանդի հետևանքով զոհված Ավետիսյանների ընտանիքի հիշատակը:

Ներածական խոսքով հանդես եկավ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ով ընդգծեց, որ տեղի ունեցածը սարսափելի ողբերգություն, ինչի համար ցավում է ողջ հայ ազգը: «Բոլորս հավասարապես ունենք հոգու խռովք, ունենք վրդովմունք, որովհետև այդ հանցագործությունը, որ տեղի ունեցավ, չէր կարող որևէ մեկին զերծ պահել զգացմունքային դրսևորումներից: Անկախ նրանից, որևէ մեկը պաշտոն ունի, թե չէ, սա ցանկացած մարդու համար ողբերգություն է, և չէր կարող զգացմունքային դրսևորումներ չունենալ: Սակայն պարտավոր եմ իմ լիազորություններն իրականացնել ՀՀ օրենսդրության և միջազգային պարտավորությունների շրջանակներում, անկախ նրանից դրանք բավարարում են իմ զգացմունքային պահանջնենրին, թե ոչ: Այս լսումների նպատակն այն է, որ ես կարողանամ ձեզ ներկայացնել բոլոր այն դրույթները, որոնք քննարկվում են տարբեր մակարդակներում: Մեր նպատակն այն է, որ կարողանանք բոլոր հարթություններում իրավիճակը ներկայացնել այնպիսի հանգամանքերով, որպեսզի տարակարծություններ և շահարկումներ չլինեն: Նաև դրա համար է, որ ես խնդրել եմ, որպեսզի այս լսումները բաց անցկացվեն»,- նշեց Կոստանյանը:

Ձայնի իրավունք խնդրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով, դիմելով ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին, խնդրեց, որպեսզի դահլիճը փոխվի, քանի որ այն փոքր է լսումների համար: Հովհաննես Սահակյանն ընդգծեց, որ ավելի մեծ դահլիճ միայն նիստերի դահլիճն է, որտեղ լսումներն անցկացնելու համար որոշակի ժամանակ է հարկավոր:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ դժգոհություն հայտնեց, որ այս կարևոր լսումների համար հատկացված է ընդամենը մեկ ու կես ժամ: Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, ի պատասխան պատգամավորի հարցադրմանը, նշեց, որ լսումները նախագահողն անհրաժեշտության դեպքում կարող է երկարեցնել ժամանակը: «Եթե կարիք լինի ես ժամանակը կերկարեցնեմ»,- ընդգծեց Սահակյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում