Իրավունք

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել

2 րոպեի ընթերցում

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի քննչական խումբն այս պահին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում է: Հայ քննիչները հարցաքննում են Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը` հավելելով նաեւ, որ Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով: «Ավետիսյանների սպանության գործով արդեն առաջադրվել է մեղադրանք, այս պահին Պերմյակովը հարցաքննվում է: Այլ մանրամասներ ՀՀ քննչական կոմիտեն ավելի ուշ կհաղորդի»,- ասաց նա:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Պերմյակովը խոստովանել է մեղքը: ՀՀ եւ ՌԴ քննչական կոմիտեների նախագահներն աշխատանքային քննարկումների արդյունքում համաձայնություն են ձեռք բերել՝ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործի քննության շրջանակում իրականացնել համատեղ եւ փոխհամագործակցված գործողություններ` քրեական գործի քննության համակողմանիությունը եւ լիարժեք բացահայտումն ապահովելու ուղղությամբ: Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել համակարգող մարմին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում