Քաղաքականություն

ՌԴ-ի հանդեպ հասարակական տրամադրությունները չեն ազդի միջպետական հարաբերությունների վրա. քաղաքագետ

4 րոպեի ընթերցում

ՌԴ-ի հանդեպ հասարակական տրամադրությունները չեն ազդի միջպետական հարաբերությունների վրա. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանությունն ու Ռուսաստանի ուշացած արձագանքը հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ hասարակական ընկալման որոշակի փոփոխությունների են բերել: Տեսակետը «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանինն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մինասյանը շեշտում է, որ հասարակության շրջանում այդ փոփոխությունները վաղուց էին նկատվում, իսկ ռուս դասալիքի կողմից հայ ընտանիքի սպանությունն ու դրան հաջորդած իրադարձությունները կարծես հանդիսացան այդ տրամադրությունների տրամաբանական ավարտը: «Ես չէի ասի, որ դա նոր գործընթաց է: Իրականում նմանատիպ տրամադրություններ, ընկալում Հայաստանում թե՛ հասարակության, թե՛ քաղաքական որոշ ուժերի կողմից կար եւ Գյումրիի դեպքերը որոշակի առումով այդ տրամադրությունների եզրափակում կարելի է անվանել: Բավական երկար ժամանակ պետք կլինի Ռուսաստանին` վերականգնելու հասարակության տրամադրությունը, տրամադրվածությունն ու վերաբերմունքը, որ կար նախկինում»,-ասաց քաղաքագետը: Իսկ թե ինչ պետք է անի Ռուսաստանը, վերաբերմունքի վերականգնման առումով, գոնե պետք է միջպետական հարաբերություններում ցուցաբերի ավելի շատ հասկացություն, ընկալում Հայաստանի ազգային եւ առաջին հերթին անվտանգության շահերին:

Միաժամանակ, ըստ Մինասյանի, հայ-ռուսական հարաբերությունները միջպետական առումով կապված են եւ, հատկապես ռազմավարական եւ ռազմաքաղաքական ոլորտների առումով համագործակցությունը հաշվի առնելով, պետական մակարդակով փոփոխություններ տեղի չեն ունենա: «Նոր պայմանագիր, նոր փաստաթուղթ կմշակվի, որը կկարգավորի ռուսական ռազմաբազայի գործունեությունը Հայաստանի տարածքում, որ նմանատիպ իրադարձություններ տեղի չունենան, բայց միջպետական հարաբերություններում չեմ կարծում, որ սկզբունքորեն որեւէ փոփոխություն տեղի կունենա»,- ասաց Մինասյանը` հավելելով, որ հայտարարությունը, որ հաջորդ տարվանից ռուսական ռազմաբազայում կծառայեն միայն պայմանագրային զինծառայողներ, տրամաբանորեն ենթադրում է, որ նրանք ավելի կարգապահ կլինեն, քան տարբեր վայրերից եկած նորակոչիկներ:

«Բայց, բացի դրանից, կարծում եմ` ավելի խիստ ու իրավական մեխանիզմներ պետք է մշակվեն, որպեսզի բացառվի Գյումրիում կատարված իրադարձությունների կրկնությունը»,- ասաց Մինասյանը:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Պերմյակովը խոստովանել է մեղքը:

ՀՀ եւ ՌԴ քննչական կոմիտեների նախագահներն աշխատանքային քննարկումների արդյունքում համաձայնություն են ձեռք բերել՝ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործի քննության շրջանակներում իրականացնել համատեղ եւ փոխհամագործակցված գործողություններ` քրեական գործի քննության համակողմանիությունը եւ լիարժեք բացահայտումն ապահովելու ուղղությամբ: Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել համակարգող մարմին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում