ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հունվարի 12-ին կատարված սպանության մեջ մեղադրվող Վալերի Պրեմյակովի որոնողական աշխատանքների ժամանակ Հայաստանի ոստիկանության հիմնական խնդիրը եղել է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ հանցագործը չկարողանա դուրս գալ տարածքից և նոր հանցագործություն կատարել: Այս մասին լրագողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ոսռիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչու ՀՀ իրավապահներին չի հաջողվել բռնել կասկածյալին: «Մեր խնդիրն է եղել ստեղծել մի իրավիճակ, որ հանցագործը չհեռանա այդ տարածքից և զգուշանա նոր հանցագործություն իրականացնելուց: Մենք որոշակի կանխատեսումներ ունեինիք հնարավոր տարբերակների մասին, թե ուր կարող էր նա գնալ: Ձերբակալումից 2 ժամ առաջ մենք տեղեկատվություն ստացանք Պերմյակովի վերաբերյալ, և 35 հոգանոց խումբ մեկնեց այնտեղ` ստուգելու տարածքը և զգուշացնելու սահմանապահներին»- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ ոստիկանապետը;
Վլադիմիր Գասպարյանը ընդգծել է, որ բազում, հազարավոր հարցեր կան, և եթե այդ հարցերի մեջ խճճվեն, դա օգուտ չի տա ո’չ իրենց, ո’չ հասարակությանը: «Խուճապը խանգարում էր մեր աշխատանքին: Չնայած մենք հանգստացնում և խաղաղեցնում էինք հասարակությանը, սակայն միայն Աստված գիտի` սատանան ինչի՞ է ընդունակ, և ինչ կարող էր կատարել հանցագործը»,- ասել է նա: ՀՀ ոստիկանապետը նշել է, որ Պրեմյակովի դեմ հարուցված գործը նախաքննության փուլում է, և քննությունը պետք է պատասխան տա` այլ անձինք եղե՞լ են ներգրավված սպանությանը, թե ոչ, ինչո՞ւ են կասկածյալի կոշիկները մնացել սպանության վայրում, ի՞նչ ճանապարհով է նա հասել այդտեղ և այլն:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերելեն հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Պերմյակովը խոստովանել է մեղքը: