Իրավունք

Գևորգ Կոստանյանը կրկին վստահեցրեց, որ դիմելու է ՌԴ գլխավոր դատախազին` ոճրագործին ՀՀ իրավապահներին հանձնելու համար

2 րոպեի ընթերցում

Գևորգ Կոստանյանը կրկին վստահեցրեց, որ դիմելու է ՌԴ գլխավոր դատախազին` ոճրագործին ՀՀ իրավապահներին հանձնելու համար

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի գլխավոր դատախազության շենքի առջև հավաքվածներին կրկին հանդիպեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: «Տղամարդու պես խոստացել եմ և ես իմ խոստացածն ամբողջությամբ կատարելու եմ. դիմելու եմ Ռուսաստանի գլխավոր դատախազին, որպեսզի ոճրագործը հանձնվի հայաստանյան իրավապահներին: Սակայն կա գործընթաց. հայաստանյան քննիչներն աշխատում են, և երբ կունենանք անհրաժեշտ հիմքերը` փաստաթղթերը, անմիջապես դիմելու եմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Գևորգ Կոստանյանը:

Նրա խոսքով` բոլորի նպատակը մեկն է, սակայն յուրաքանչյուրը տարբեր ճանապարհ է ընտրել: «Կարծում եմ` այն ճանապարհը, որը դուք ընտրեցիք, արդարացված չէ: Մենք մեր գործողությունները կատարում ենք և միշտ էլ կատարելու ենք, որովհետև սպանված ընտանիքի անդամները մեր հայրենակիցներն են, մեր քույրերն ու եղբայրները»,- դիմելով հավաքվածներին` ընդգծեց դատախազը:

Կոստանյանը հավելեց, որ չի կարելի անել այնպիսի բան, որը վնասելու է մեր կողքին կանգնած եղբորը: Միաժամանակ, գլխավոր դատախազը նշեց, որ իրենց գործողությունների յուրաքանչյուր ընթացք հավաքվածների հետ կքննարկեն: «Եկեք ճիշտ հետևություններ անենք կատարվածից, որպեսզի չվնասենք մեկս մյուսին»,- ասաց դատախազը:

Այժմ Շիրակի գլխավոր դատախազության շենքի առջև իրավիճակը հանդարտվել է և հավաքվածները ցրվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում