Հասարակական

Քաղաքագետը կոչ է անում կատարել ոչ թե հուզական, այլ բանական գործողություններ

3 րոպեի ընթերցում

Քաղաքագետը կոչ է անում կատարել ոչ թե հուզական, այլ բանական գործողություններ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի ողբերգական սպանության նման դեպքերը կանխելու համար հարկավոր է կատարել ոչ թե հուզական, այլ բանական գործողություններ:

Հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքքսանդր Իսկանդարյանը: «Ես հասկանում եմ, որ մարդկանց մեջ լարվածություն կա, որ կարող են լինել նաև հուզական գնահատականներ և գործողություններ, քանի որ կատարված հանցագործությունը մարդու գլխի մեջ չի կարող տեղավորվել, սակայն նման դեպքերը կանխելու համար հարկավոր է կատարել ոչ թե հուզական, այլ բանական քայլեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Իսկանդարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ նախ պետք է պարզել, թե արդյո՞ք հանցագործը հոգեկան խնդիրներ է ունեցել, ինչպե՞ս է հայտնվել ռուսական բազայում, ինչպե՞ս է կարողացել զենքով լքել զորամասը: «Այս ամենը պետք է հետաքննվի, որպեսզի բացառվեն հետագայում նման բաները»,- ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով տեսակետներին, թե ռուսական բազան պետք է հեռացնել Գյումրիից՝ Իսկանդարյանն ընդգծեց, որ ռուսական բազան Գյումրիում ռազմական նշանակություն ունի, և եթե այն պետք չէ, ապա պետք է փակվեր՝ անկախ կատարված հանցագործությունից, իսկ եթե պետք է, ուրեմն պետք է մնա նաև հիմա:

Քաղաքագետի գնահատմամբ՝ պարզունակ են խոսակցությունները, թե Գյումրիում կատարված սարսափելի հանցագործութունն ուղղորդված է Ադրբեջանից:Նրա խոսքով՝ գործը պետք է մանրամասնորեն հետաքննել, պարզել բոլոր մեղավորներին և հետագայում պետք է ավելի ուժեղացնել վերահսկողությունը:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ:

Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս առ այն, որ հանցագործությունը կատարել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասի զինծառայող Վալերի Պերմյակովը, 2015թ. հունվարի 14-ին որոշում է կայացվել վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում