Գալուստ Սահակյանը միանում է հանցագործին Հայաստանում պատժի ենթարկելու ցանկություններին
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը միանում է Գյումրիի սպանության մեղավորին Հայաստանում պատասխանատվության ենթարկելու բոլոր ցանկություններին, սակայն գտնում է, որ այդ հարցը պետք է լուծվի իրավական դաշտում: Գյումրիում լրագրողների հետ զրույցում Գալուստ Սահակյանը նկատեց, որ ցանկություններն ու իրավական գործընթացները միշտ չէ, որ կարող են համատեղվել: «Տվյալ դեպքում ցանկությունների առումով բոլորս միակարծիք ենք, սակայն խնդիրը պետք է լուծվի իրավական դաշտում: Այսօր էլ մենք շարունակում ենք համագործակցել ռուսական կողմի հետ և քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի այդ գործընթացներն ընթանան վստահելի ձևով, ինչից մեր ժողովրդի ցավը որոշակիորեն կամոքվի: Ես միանում եմ հանցագործին Հայաստանում պատասխանատվության ենթարկելու ցանկություններին, սակայն ցանկություններն ու իրավական գործընթացները միշտ չէ, որ համատեղվում են: Դրա համար մենք պիտի կարողանանք արդյունավետ համագործակցել ռուսական կողմի հետ ու գտնել լուծումներ, որոնք կբավարարեն բոլորիս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարեց Սահակյանը:
Հարցին, թե ինչո՞ւ ՀՀ իշխանությունները Գյումրիի սպանության հետ կապված սգո օրեր չհայտարարեցին, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Հայ ժողովուրդն արդեն իսկ հայտարարել է սգո օր, քանի որ միասնական ոտքի է կանգնել՝ ոտքի հանելով նաև աշխարհի առաջադեմ հասարակությանը»:
Հարցին` հավատո՞ւմ է արդյոք ռուսական արդարադատությանը, Գալուստ Սահակյանը նշեց, որ ռուսական արդարադատության հավատալու կամ չհավատալու խնդիր չի տեսնում: Նա կարծում է, որ ոճրագործն ամենախիստ պատիժը կստանա: «Ուղղակի գործընթացն այնպես պետք է տանենք, որ արդյունքները բավարարեն բոլորիս: Ես կարծում եմ, որ որոշակի լուծումներ կգտնվեն, որոնք կբավարարեն մեր հասարակությանը»,- ընդգծեց ԱԺ նախագահը:
Անդրադառնալով հարցին, թե այս դեպքից հետո արդյոք անհրաժեշտություն կա վերանայելու Գյումրիում ռուսական բազայի կարգավիճակը, Գալուստ Սահակյանը կոչ արեց չքաղաքականացնել հարցը:
Գյումրիում հուղարկավորում են Ավետիսյանների ընտանիքի 6 սպանված անդամներին: Արարողությանը մասնակցելու նկատակով ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մեկնել է Գյումրի:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ:
Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս առ այն, որ հանցագործությունը կատարել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասի զինծառայող Վալերի Պերմյակովը, ուստի՝ 2015թ. հունվարի 14-ին որոշում է կայացվել՝ վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: