Հասարակական

Յուրաքանչյուրն իր տեղում պետք է զինվոր լինի. Սեյրան Օհանյան

4 րոպեի ընթերցում

Յուրաքանչյուրն իր տեղում պետք է զինվոր լինի. Սեյրան Օհանյան

ԳՅՈՒՄՐԻ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանակը պետք է առանձնանա համարձակ մարդակենտրոն սկզբունքերով, որտեղ սպառազինության հետ մեկտեղ, մարդն է կարևոր առաջին հերթին՝ զինվորական դրույթների գերազանց տիրապետմամբ: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով հունվարի 13-ին Գյումրիում անցկացրել է փակ խորհրդակցություն և հանդիպում ուժային կառույցների ներկայացուցիչների, կայազորերի զորամասերի ստորաբաժանումների հրամանատարական կազմերի, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ: «Մենք միասին կարող ենք մեր երկիրը պաշտպանել: Յուրաքանչյուրն իր տեղում պետք է զինվոր լինի՝ դա լինի քաղաքացի թե՛ զինվորական և յուրաքանչյուր զինվորական թե՛ քաղաքացիական կառույցի ղեկավար պետք է հրամանատար լինի իր տեղում՝ պատրաստ թե՛ զինվորական, թե քաղաքացիական տարբեր կազմակերպություններն իր հետևից տանելու և մեր երկրի անվտանգությունն ու զարգացումն ապահովվելու համար»,-ավելացրեց նախարարը:

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Սեյրան Օհանյանն անդրադարձավ 2014 թվականին ոլորտում իրականացրած աշխատանքներին ու հաջողություններին: Ըստ Սեյրան Օհանյանի` հետևողական աշխատանքի արդյունքում հաջողվել է ապահովել ոչ միայն մեր սահմանների անձեռնմխելիությունը« հայ ժողովրդի անվտանգությունը« այլև ամուր հիմքերի վրա դնել արատավոր բարքերի դեմ համազգային պայքարը, սակայն ինչպես ընդգծեց նախարարը, թեև ստացված արդյունքները գոհացուցիչ են« պետք է ավելի եռանդով առաջ շարժվել, իսկ 2015թ. գերակա խնդիրը ևս պետք է լինի հայ ժողովրդի անվտանգության ապահովումը, խելացի պաշտպանություն իրականացումը:

«Անկասկած, պետք է ուշադրություն դարձնենք առաջին գծի վրա, պետք է առաջին գծում պայմաններ ստեղծենք անվտանգության ապահովման ինժեներական կառույցների կատարելագործման, ծառայության ճիշտ կազմակերպման ուղղությամբ և, հաշվի առնելով, որ հակառակորդը սադրանքեր է իրականացրել հունվարի 2-ի և 3-ի գիշերը, նույնպես իր արժանի պատասխանը ստացել, այդ սադրանքերի արդյունքում կազմել ենք հրաման և այդ հրամանի մեջ ուշադրություն է դարձվում մարտական հերթապահության կատարելագործմանը, դիտարկման համակարգի վերջնական ձևավորմանը, ինժեներական արգելափակոցների շարունակական հագեցմանը, համապատասխան պարապմունքների անցկացմանը, որպեսզի կատարելագործվեն բոլոր ստորաբաժանումների ունակությունները, պայքարի դիվերսոն հետախուզական գործողությունները՝ դիպուկահարների դեմ և խիստ պատժի միջոցների իրականացումը: Մենք պետք է ունենանք և՛ պատժի արձագանքներ, և՛ նաև կանխարգելիչ միջոցառումներ, ինչպես նաև անվտանգության ապահովում՝բացառելով անվտանգության խախտման միջոցով անձնակազմի կորուստը»,- նշեց նախարարը ավելացնելով, որ աշխատանքներ պետք է տարվեն նաև բարոյահոգեբանական և տեղեկատվական խնդիրների մակարդակի բարձրացման ուղղությամբ:

«Ճիշտ է, դուք առաջին գծում զորամասեր չունեք, բայց այստեղ ես ցուցում եմ տալիս՝ որպես պահուստային զորամասեր, միշտ պատրաստ լինելու, գործելու, հասնելու ձեր ծառայակից ընկերներին, ովքեր առաջին գծում են, գումարտակներում, վաշտերում, օղակներում ինքնուրույն գործելու կանխարգելիչ պլաններ իրականացնել»,- իր խոսքում նշեց Սեյրան Օհանյանը:

Հանդիպման ընթացքում նախարարը նաև անդրադարձել է բանակում մարդկային հարաբերությունների, սպայի կեցվածքին, ժողովրդի՝ բանակի հանդեպ ծառայության նկատմամբ մակարդակի բարձրացմանը, պատմական ավանդույթերի փոխանցման անհրաժեշտությանը և այլ հարցերի:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում