Հայոց ցեղասպանություն

Հունահայ համայնքը ձախողել է թուրքական «Թալեաթ Փաշա» կոմիտեի հանրահավաքն Աթենքում

3 րոպեի ընթերցում

Հունահայ համայնքը ձախողել է թուրքական «Թալեաթ Փաշա» կոմիտեի հանրահավաքն Աթենքում

ԱԹԵՆՔ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի հայ համայնքի աչալրջության շնորհիվ հնարավոր է եղել կասեցնել թուրքական «Թալեաթ փաշա» կոմիտեի բողոքի ակցիան, որն ուղղված էր ընդդեմ հայերի եւ Հայոց ցեղասպանության եւ նախատեսվում էր անցկացնել Հունաստանի խորհրդարանի շենքի դիմաց: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հունաստանում հրատարակվող «Ազատ օր» պարբերականի խմբագիր Հռիփսիմե Հարությունյանն ասաց, որ կոմիտեն բազմիցս սպառնալիքներ է ուղղել տեղի հայ համայնքին եւ մասնավորապես ՀՅԴ Հայ դատի Հունաստանի հանձնախմբին` առ այն, որ դադարեցվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ուղղված միջոցառումները:

«Հասկանալով, որ սպառնալիքներով չեն կարող խոչընդոտել համայնքի ծրագրերը, նրանք որոշեցին Հունաստանի խորհրդարանի դիմաց հանրահավաք կազմակերպել եւ դեմ արտահայտվել Հունաստանի խորհրդարանի ընդունած որոշմանը, համաձայն որի` հայերի, հույների եւ Փոքր Ասիայի քրիստոնյա ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանության ժխտումը կունենա քրեական պատիժ»,- ասաց Հռիփսիմե Հարությունյանը` հավելելով, որ կոմիտեի անդամները նախատեսել էին հանրահավաք կազմակերպել Աթենքի կենտրոնական Սինդաղմա հրապարակում, որտեղ գտնվում է նաեւ խորհրդարանի շենքը:

«Հանրահավաքին մասնակցելու նպատակով Թուրքիայից ինքնաթիռով Հունաստան էին եկել կոմիտեի անդամները` Իսմայիլ Հաքը Բեքինի գլխավորությամբ: Վերջինս նախատեսում էր նաեւ խորհրդարանի շենքի մոտ մամուլի ասուլիս հրավիրել եւ իր «դժգոհությունը» հայտնել նաեւ լրատվամիջոցներին»,- ասաց Հարությունյանը:

ՀՅԴ Հայ դատի Հունաստանի հանձնախմբի մի քանի տասնյակ անդամներ նախատեսված ժամին այցելել են խորհրդարանի շենք` նպատակ հետապնդելով ոչ միայն կանխարգելել հունական ժողովրդավարության դեմ անցկացվելիք հանրահավաքը, այլեւ հրավիրված լրատվամիջոցներին ներկայացնել իրականությունը:

Սակայն թուրքական կողմը վերջին պահին հրաժարվել է մասնակցել հանրահավաքին: ««Թալեաթ փաշա» կոմիտեի անդամները, որ արդեն ժամանել էին Աթենք, տեղեկացել էին, որ տեղի հայությունը ներկա է գտնվելու հրապարակում: Նրանք հասկացել էին, որ չեն կարողանա հակազդել հայկական կողմի փաստարկներին ու չեն կարողանա իրագործել իրենց սպառնալիքները եւ փոշմանած ետ էին վերադարձել օդանավակայան, մեկնել Թուրքիա»,- ասաց Հարությունյանը:

Սեպտեմբերին 54 կողմ, 42 դեմ և 3 ձեռնպահ քվեարկությամբ Հունաստանի խորհրդարանը քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը: Վեց կետից բաղկացած «Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագիծը դրամական խոշոր տուգանք և ազատազրկում է նախատեսում հայերի, հրեաների և պոնտոսի հույների ցեղասպանությունը ժխտողների համար: Օրինագծով Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածն անվանվել է Հայոց ցեղասպանություն, ապրիլի 24-ը ճանաչվել Հիշատակի օր: Այս կերպ Հունաստանը Շվեյցարիայից ու Սլովակիայից հետո երրորդ երկիրն է, որը քրեականացրել է ցեղասպանության ժխտումը:

Հասմիկ Հարությունյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում