Դուք ավելին եք անում, քան պարզապես գրագետ լրատվություն հաղորդելն է. Նախագահը` ԶԼՄ ներկայացուցիչներին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել է ընդունելությանը մասնակցող լրագրողներին և ի դեմս նրանց՝ Հայաստանի բոլոր լրագրողներին ու լրատվամիջոցների աշխատակիցներին, մաղթել առողջություն և հաջողություններ, խաղաղ ու երջանիկ տարի:

«Հարգելի՛ լրագրողներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Մենք բոլորս միասին ծանրաբեռնված աշխատանքային տարի անցկացրինք: Այսօր ես շնորհակալություն եմ հայտնում ձեզնից յուրաքանչյուրին և ի դեմս ձեզ՝ մեր ողջ լրատվական հանրությանը, օգոստոսին առաջին գծում և նոյեմբերին՝ Ադրբեջանի կողմից մեր ուղղաթիռը նենգաբար խոցելու օրերին այն պրոֆեսիոնալ և համախմբված աշխատանքի համար, որը կատարեց մեր լրատվամիջոցների գերակշիռ մասը: Նույնը, փոքր բացառություններով, կարող եմ հայտարարել նաև դրամի արժեզրկման այս վերջին իրադարձությունների հետ կապված, երբ արհեստածին խուճապի նշանները հնարավոր եղավ արագ հարթել այդ թվում նաև ձեր գիտակից աշխատանքի շնորհիվ:

Շնորհակալ եմ ձեզ: Այսպիսի աշխատաոճով դուք ավելին եք անում, քան պարզապես գրագետ լրատվություն հաղորդելն է: Դուք ապացուցում եք բոլորին, որ «ազատ մամուլը պատերազմի հատկանիշներով իրավիճակների համար վտանգավոր է» պնդումը երիցս սին է: Դուք ապացուցում եք բոլորին, որ թշնամու կերպարի հետևողական ուռճացման, պատերազմի անվան տակ բանակի գործողությունների կամ պաշտպանական խնդիրների վերաբերյալ տոտալ գրաքննություն մտցնելը բացի բռնապետություն ամրացնելուց ոչ մի այլ իմաստ չունի: Դուք ապացուցում եք, որ հայրենասիրության դրսևորումները մասնագիտություն չեն ճանաչում: Հավատացե՛ք, սրանով դուք մեծ բան եք անում մեր երկրի հետագա ընթացքի համար, մեր որդեգրած արժեքների, խոսքի ազատության հետագա ամրապնդման համար:

Տարվա ընթացքում ձեզնից շատերի հետ եմ առիթներ ունեցել քննարկելու մեր համատեղ աշխատանքի նրբությունները: Երբեք չեմ թաքցրել, որ խնդիրներ տեսնում եմ այսօրվա մեր մամուլի գործունեության մեջ, մասնավորապես, չեմ ընդունում անձնական վիրավորանքների և պիտակավորումների ձեռագիրը, որ երբեմն կարելի է տեսնել մեզանում: Բայց նաև միշտ առանց թաքցնելու ասել եմ, որ չեմ ընդունում նաև լրատվամիջոց կոչվելու հավակնություն ունեցող կայքը կամ թերթը հաշվեհարդարի գործիք դարձնելու հոռի գայթակղություններին տրվելը: Վստահ եմ, որ ժամանակն ամեն ինչ արդեն իսկ իր տեղն է դնում, և տեղեկատվություն ստանալու անսահման մեծ հնարավորություններ ունեցող այսօրվա ընթերցողն ինքն է հետևողականորեն անցյալում թողնում նմանօրինակ լրատվական բարբարոսությունը, երևույթ, որ հենց անցյալին է բնորոշ:

Սիրելի՛ բարեկամներ,

Մենք մտնում ենք նոր աշխատանքային տարի, որի ընթացքում, կարծում եմ, կրկին հանգիստ ռեժիմով գործելու քիչ հնարավորություններ ենք ունենալու: Մենք դեռևս գտնվում ենք անհանգիստ արտաքին միջավայրի ազդեցության ներքո, մենք ընդգրկուն ծրագրեր ունենք ինտեգրացիոն գործընթացներում առաջ գնալու, մեր տնտեսության վերելքի և սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ, բազմաթիվ միջոցառումներ ենք նախատեսել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում և, իհարկե, ունենք ամեն օրվա խաղաղությունն աչալրջորեն հսկելու մեր մշտական պարտավորությունը: Այս և աշխատանքի մյուս բոլոր ուղղություններով մենք միասին անելու շատ բան ունենք և, վստահ եմ, որ բաց, թափանցիկ և արդյունավետ ենք անելու:

Ի դեմս ձեզ` շնորհավորում եմ Հայաստանի բոլոր լրագրողներին և մեր լրատվամիջոցների բոլոր աշխատակիցներին: Համոզված եմ, որ 2015 թվականը լինելու է համագործակցության և առաջընթացի տարի:

Թո՛ղ նոր տարին հաջողություն բերի մեր բոլորիս գործերին, լինի խաղաղ ու երջանիկ բոլորիս ընտանիքների համար:

Շնորհավո՛ր Նոր տարի և Սուրբ Ծնունդ»,-Հանրապետության Նախագահի նստավայրում կայացած տոնական ընդունելության ժամանակ լրատվամիջոցների ներկայացուցիչներին ուղղված իր շնորհավորական խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայերեն English Русский

«Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան

ՌԴ-ի վրա արձակվել է 571 ԱԹՍ, կրկին թիրախավորվել են Wildberries-ի պահեստները

Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին

Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը

ՀՀ պետբյուջերի եկամուտները 2026 թվականի առաջին կիսամյակում կազմել են 1,643 մլրդ դրամ

ՆԳՆ-ն հատուկ միջոցառումներ է իրականացրել. հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ

Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին

ԱՄՆ-ի և Իրանի շարունակական հարվածների ֆոնին Թրամփը հայտնել է, որ առայժմ չի բանակցի նոր հրադադարի շուրջ

60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. հունիս, 2026