«Նոր գիրք»-22. Մուշեղ Իշխանից մինչև ժամանակակից գործեր

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ձեզ ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ձեր դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի վերաբերյալ, ծանոթանալ դասական երկերին և արդի գրականության զարգացման միտումներին: Մեր ցանկերից ընտրեք այն գրքերը, որոնք ձեզ դուր են գալիս և սկսեք ընթերցել:

Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է տարբեր հրատարակչությունների նոր հրատարակած և հանրության դատին հանձնած չորս ուշագրավ գրքեր՝ չորս խորագրերի ներքո:

Հայ դասական գրականություն

Մուշեղ Իշխան, բանաստեղծություններ

Մուշեղ Իշխանի բանաստեղծությունների ժողովածուն լույս է տեսնում «Իմ գրադարանը» մատենաշարով: ​Մուշեղ Իշխանի ստեղծագործության ներքին ազդակը տարագիր հայի պայքարն է ուծացման վտանգի դեմ՝ հանուն սեփական դիմագծի պահպանման, ազգային և համամարդկային իդեալների կենսագործման։ Նրա բանաստեղծությունները տոգորված են նուրբ քնարականությամբ, խոհականությամբ: Խմբագիր՝ Աշոտ Գաբրիելյան: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

Ժամանակակից գրականություն

Արտավազդ Եղիազարյան, «Քաղաքը լուսնի տակ»

Արտավազդ Եղիազարյանի ձեռագրի հատկանշական կողմն արտաքուստ թեթև ու անչար հումորն է: Բայց այդ հումորը, համադրվելով սուր դիտողականության ու պատումի անսեթևեթ ոճի հետ, օգնում է գրողին ստեղծել կոլորիտային կերպարներ և նրանց միջոցով վեր հանել մեր իրականության պատկերը: Ընդ որում, նրա պատմվածքներին բնորոշ ինքնահեգնանքը չի խանգարում բարձրացնել նաև հասարակական-քաղաքական կարևոր հարցադրումներ: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն

Ումբերտո Էկո, «Վարդի անունը»

Ումբերտո Էկոյի բեսթսելերը՝ «Վարդի անունը» (1980), որ բնորոշվել է իբրև XIV դարի դեկորներում ծավալվող փիլիսոփայական կամ աստվածաբանական դետեկտիվ, միջնադարյան աշխարհն իր բոլոր շերտերով ընդգրկող հանրագիտարանի արժեք ունի և դրա հետ մեկտեղ պոստմոդեռնիստական գրականության կոթողներից մեկն է համարվում: Նոր «Վարդի անունը», որտեղ հեղինակը բազմաթիվ խմբագրական ու լեզվական շտկումներ է արել, ինչ-ինչ կրճատումներ, մասնավորապես, լատիներեն մեջբերումների առումով, լույս տեսավ 2013-ին, և ֆրանսերենից հետո հայերենը երկրորդ լեզուն է, որով թարգմանվել է: Հանգամանալի մեկնություններն ու ծանոթագրությունները շահեկանորեն առանձնացնում են այս հռչակավոր վեպի հայերեն հրատարակությունը այլ լեզուներով կատարված թարգմանություններից: Թարգմանությունն իտալերենից, մեկնություններն ու ծանոթագրությունները՝ Զավեն Բոյաջյանի: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն

Մարկ Տվեն, «Հեքլբերի Ֆիննի արկածները»

Վեպը «Թոմ Սոյերի արկածների» յուրօրինակ շարունակությունն է: Հեքլբերի Ֆիննը հեռանում է դաժան ու հարբեցող հորից, նրան ուղեկցում է ստրկությունից փախած սևամորթ Ջիմը: Արկածային ստեղծագործությունն, անկասկած, դուր կգա պատանիներին: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում