«Նոր գիրք»-21. Թեքեյանից մինչև Ռոդարի

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ձեզ ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ձեր դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի վերաբերյալ, ծանոթանալ դասական երկերին և արդի գրականության զարգացման միտումներին: Մեր ցանկերից ընտրեք այն գրքերը, որոնք ձեզ դուր են գալիս և սկսեք ընթերցել:

Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է տարբեր հրատարակչությունների նոր հրատարակած և հանրության դատին հանձնած չորս ուշագրավ գրքեր՝ չորս խորագրերի ներքո:

Հայ դասական գրականություն

Վահան Թեքեյան, բանաստեղծություններ

«Իմ գրադարանը» մատենաշարը ներկայացնում է հայ բանաստեղծ Վահան Թեքեյանի բանաստեղծությունների ժողովածուն։ Հայ բանաստեղծության հարուստ աշխարհում իրենց ուրույն ու չքնաղ երանգներն ունեն Վ. Թեքեյանի ստեղծագործություները։ Նա Եղեռնից փրկված հայ այն լավագույն ստեղծագործողն է, ով բարձր պահեց ապագայի հավատը և իր ստեղծագործություններում արծարծեց կենսուրախության ու հերոսության գաղափարները: Խմբագիր՝ Աշոտ Գաբրիելյան: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

Ժամանակակից գրականություն

Գևորգ Գիլանց, «ARS-մետա»

Ժողովածուն տարասեռ ժանրերով, տարբեր կառույցներով ու պատումի տարաբնույթ խաղարկումներով ամբողջացող կենսատարածք է: Ավելի քան 10 տարի տևած գրական իր լռությունը Գևորգ Գիլանցը փոխհատուցում է բոլորովին նոր հուն մտած և ինքնատիպ մտածողության որակով՝ թե՛ բանաստեղծական տեքստերում, թե՛ արձակ պատումներում: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն

Դաթո Տուրաշվիլի, «Ջինսի սերունդը»

Նրանք հոգեպես խեղդամահ էին լինում ԽՍՀՄ-ում, նրանց Ամերիկան էր ձգում և ազատությունը: Եվ այնտեղ հասնելու համար վրացի երիտասարդները պատրաստ էին վտանգել անգամ իրենց կյանքը: Իրական փաստերի հիման վրա գրված այս վեպը ԽՍՀՄ վերջին տարիներին այսպես կոչված՝ «ջինսի սերնդի» ձգտումների, երազանքների և խորտակված պատրանքների դրամատիկ պատմությունն է: Վրացերենից թարգմանեց՝ Էսմերալդա Երիցյանը: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն

Ջաննի Ռոդարի, «Երկնագույն նետը»

Ըստ իտալական լեգենդի՝ ամեն տարի՝ Աստվածահայտնության տոնին, Բեֆանան տնետուն է շրջում և երեխաներին նվերներ բաժանում: Ջաննի Ռոդարիի այս գողտրիկ պատմության մեջ պառավ Բեֆանան խաղալիքների փոքրիկ խանութ ունի: Խաղալիքները, ցուցափեղկին կանգնած, հետևում են ձյունապատ փողոցի անցուդարձին՝ հնազանդ իրենց «լարովի» ճակատագրին ու խանութի քմահաճ տիրուհու կամքին: Սակայն հայտնության գիշերը նրանք կենդանություն են առնում, նստում «Երկնագույն նետ» անունով հրաշալի գնացքը և որոշում իրենք իրենց նվիրել այն երեխաներին, որոնց խեղճ ծնողները չեն կարող զավակների համար նվերներ գնել: Երկնագույն նետի ուղևորները դառնում են սիրո, անձնազոհության և համերաշխության հրաշալի օրինակ փոքրիկ ընթերցողների համար: Թարգմանությունը` Վահե Հակոբյանի: Գիրքը հրատարակել է «Զանգակ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար

ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները

Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ

ՀՀ կառավարության նիստ

Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի ռեժիմի հարցում