Տնտեսություն

Հայաստանը 90-ականների կեսերի համեմատ պաշտպանական ծախսերն ավելացրել է 10 անգամ

4 րոպեի ընթերցում

Հայաստանը 90-ականների կեսերի համեմատ պաշտպանական ծախսերն ավելացրել է 10 անգամ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունն իր պաշտպանական ծախսերը 1995 թվականից մինչ այսօր ավելացրել է ավելի քան 10 անգամ: Այս մասին հայտնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության 7-րդ համագումարի ժամանակ: Խոսելով Հայաստանի համար տնտեսական առանջնահերթությունների ու մարտահրավերների մասին` Նախագահը շեշտեց, որ կարևոր է ոչ միայն ներդրումային միջավայրի բարելավումը, այլև երկրի անվտանգության ապահովումը: «Երբ խոսում ենք հարկեր-ՀՆԱ հարաբերակցության, բյուջեի ծավալի մասին, հավատացեք մեր նպատակը չէ ցույց տալ, որ նախկինի համեմատ շատ փող ենք ծախսում կամ էլ թե այսօր ավելի լավ ենք աշխատում, քան երեկ էինք աշխատում, այլ իմ նպատակն այն է, թե մենք անվտանգության, սոցիալական նպատակներով որքան գումար ենք ծախսում: Սա կարևոր է թե ներդրումների և թե մեր քաղաքացիների անվտանգության համար: Այս առումով, եթե 1995-ին պաշտպանության նպատակով ծախսում էինք 19.1 միլիարդ դրամ, 2005-ին այն կազմում էր 64.4 միլիարդ դրամ, ապա 2014-ին մենք կծախսենք մոտ 200 միլիարդ դրամ: Տարբերությունը, կարծում եմ, շատ ակնհայտ է: Սա արվում է ինչպես մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու, այնպես էլ տնտեսական անվտագությունն ապահովելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Սերժ Սարգսյանը:

Նախագահի խոսքով` Հայաստանի համար կարևորագույն մարտահրավեր է մնում երկարաժամկետ, կայուն տնտեսական աճի համար հիմքերի ստեղծումը: «Գործազրկության ու աղքատության հետագա կրճատման տեմպերն արագացնելու միակ ու բացառիկ միջոցն աճի տեմպի արագացումն է` կայուն գնաճի պարագայում: Այս առումով`Հայաստանի տնտեսությունում առաջնահերթ են նոր ներդրումների ներգրավումն ու արտադրական ներուժի զարգացումը: Բայց գաղտնիք չէ, որ ներդրումները հոսում են այնտեղ, ուր տնտեսապես շահավետ է, ներդրումային միջավայրը բարենպաստ»,-ընդգծեց Նախագահը` հավելելով, որ տնտեսական շահավետության տեսանկյունից, սակայն, Հայաստանն ունի օբյեկտիվ սահմանափակումներ: «Հիմնականը մեր տնտեսության փոքր ծավալներն են, բայց վստահ ենք, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ այս խնդիրը լուծելի է դառնում, քանի որ Հայաստանը դառնալու է ԵՏՄ տնտեսական տարածքի մաս, ու ավելանալու են ներդրումների ծավալները»,-վստահեցրեց Նախագահը:

Սերժ Սարգսյանի դիտարկմամբ` ներդրումային միջավայրի բարելավման տեսանկյունից Հայաստանն առաջընթաց գրանցել է, որի մասին է վկայում Համաշխարհային բանկի «Doingbusiness» ինդեքսը: «Ներկայում 189 երկրների շարքում 45-րդ հորիզոնակում ենք Չեխայի հարևանությմամբ, սակայն ակնհայտ է, որ սա բավարար չէ բարենպաստ բիզնես-միջավայր ոնենալու համար, մեր ձգտումները շատ ավելին են լինելու»,-ասաց հանրապետության ղեկավարը:

ՀՀ կառավարության նիստերի դահլիճում անցկացվում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության 7-րդ համագումարը, որին մասնակցում է նաև ՀՀ Նախագահը:

Համագումարի շրջանակում անցկացվելու է նաև սեմինար-քննարկում` կապված Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ: Քննարկմանը մասնակցելու են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները, ովքեր պատասխանելու են գործարարների հարցերին և պարզաբանումներ ներկայացնելու տնտեսավարող սուբյեկտների հետագա գործունեության վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում