Հասարակական

Մրցունակ գիտելիքներով հարուստ ուսանողությունը պետության առաջընթացի գրավականն է. ԿԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Մրցունակ գիտելիքներով հարուստ ուսանողությունը պետության առաջընթացի գրավականն է. ԿԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների համաշխարհային օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, ուղերձում ասված է.

«Սիրելի’ ուսանողներ,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:

Նոյեմբերի 17-ը ողջ աշխարհում նշվում է որպես Ուսանողների համաշխարհային օր:

Աշխարհի բոլոր պետություններում ուսանողներն ակտիվ ներգրավված են ներքին և արտաքին հիմնախնդիրների լուծմանը միտված գործընթացներում: Մրցունակ գիտելիքներով հարուստ ուսանողությունը կարող ուժ է յուրաքանչյուր պետության զարգացման գործընթացում՝ միաժամանակ լինելով պետության հզորության և առաջընթացի գրավականը:

Հայ ուսանողությունը նույնպես քայլում է մեր երկրի հասարակական կյանքի բոլոր զարգացումներին համընթաց, դրանց ակտիվ մասնակիցն ու իրականացնողն է: Մեր ուսանողությունը հայաստանյան կրթական համակարգի հիմնական հենասյուներից մեկն է, ուստի յուրաքանչյուր ուսանողից պահանջվում է լինել առավել ակտիվ ու ներգրավված կրթության ոլորտում ընթացող գործընթացներում: Այսօր իրականացվող լայնածավալ կրթական բարեփոխումների հաջողության գրավականը գիտելիքի արժևորումն է, մասնագիտական բարձր պատրաստվածությունը, ձեր քաղաքացիական գիտակցությունը, ինչպես նաև սեփական անձի նկատմամբ ցուցաբերած պահանջկոտությունը: Ներկայիս ուսանողության ձգտումներով, երազանքներով ու հաստատակամությամբ է պայմանավորված մեր պետության վաղվա օրը:

Հուսով եմ նաև, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության առաջարկությունը՝ մայր բուհի ստեղծման օրը՝ մայիսի 16-ը նշել որպես Ուսանողների և երիտասարդների օր, մոտ ժամանակում պաշտոնապես կընդգրկվի պետական տոնացույցում և նոր լիցք ու խանդավառության կհաղորդի մեր երկրի երիտասարդներին:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող տեղացի ու արտասահմանցի բոլոր ուսանողներին Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում հաստատուն կամք, եռանդ, ուսման մեջ հաջողություններ ու բոլոր նպատակների իրականացում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում