Սերժ Սարգսյանն այցելել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի սրահում ծանոթացել է «ՔԵՆԴԼ» նախագծի առաջին փուլի` «ԱՐԵԱԼ»-ի աշխատանքներին և ինստիտուտի միջազգային համագործակցության ծրագրերին:

Գծային արագացուցչի գերկարճ ճշգրիտ էլեկտրոնային փնջերը հնարավորություն են տալիս ժամանակակից փորձարարական հետազոտություններ կատարել արագացուցչային տեխնոլոգիաների, կոհերենտ ճառագայթման աղբյուրների և գերարագ պրոցեսների ուսումնասիրման բնագավառներում: Նման հետազոտություններն այսօր աշխարհի առաջատար արագացուցչային կենտրոնների կարևորագույն գերակա ուղղություններից են: «ԱՐԵԱԼ» արագացուցիչն ընդգրկում է մի շարք բնագավառների՝ լազերային ֆիզիկայի, բարձր հաճախային տեխնիկայի, գերվակուումային սարքավորումների, ղեկավարման գերճշգրիտ համակարգերի, տարբեր ֆիզիկական պրոցեսների վերահսկման և համապատասխանեցման առաջավոր տեխնոլոգիաները:

«ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում այնուհետ կայացել է «ՔԵՆԴԼ» ՍՀԻ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը` խորհրդի պատվավոր նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Նիստի ընթացքում ինստիտուտի տնօրեն Վասիլի Ցականովը հոգաբարձուների խորհրդին ներկայացրել է ինստիտուտի զարգացման առաջիկա և երկարաժամկետ ծրագրերը, որոնք միտված են երկրում կատարվող բնագիտական տարբեր ուղղությունների փորձարարական հետազոտությունները բարձրացնելու նոր՝ առաջավոր մակարդակի: Հոգաբարձուների խորհուրդը քննարկել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ 2013-14թթ. գործունեության հաշվետվությունը, «ԱՐԵԱԼ» արագացուցչի զարգացման և Հայաստանում «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի ստեղծման գործողությունների ծրագիրը, ինչպես նաև ինստիտուտի 2015թ. բյուջեն:

«ԱՐԵԱԼ» արագացուցչի առաջին էլեկտրոնային փունջը ստացվել է 2013թ. դեկտեմբերի 20-ին, իսկ 2014թ. մայիս-հունիս ամիսներին ավարտվել են արագացուցչի հիմնական համակարգերի կարգաբերման աշխատանքները և ապահովվել են արագացուցչի նախագծային պարամետրերը: Արդյունքները զեկուցվել են միջազգային հեղինակավոր գիտաժողովներում, եվրոպական մի շարք արագացուցչային կենտրոններում, Ա. Ի. Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայում և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում:

«ԱՐԵԱԼ» նախագծի մշակման համար խթան է հանդիսացել Երևանում 2010թ. հունիսին անցկացված արագացուցչային ֆիզիկայի ժամանակակից խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովը, որի շրջանակներում Հայաստանում «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի ստեղծման ուղիների վերաբերյալ առաջարկությունների մշակման նպատակով կազմավորվել էր միջազգային փորձագիտական հանձնաժողով: ՀՀ վարչապետի մոտ քննարկումներից հետո, հանձնաժողովն առաջարկել էր «ՔԵՆԴԼ» արագացուցչի ստեղծման ծրագրի իրականացման փուլային տարբերակ, որը հաջողությամբ է պսակվել աշխարհի շատ այլ արագացուցչային կենտրոններում:

«ԱՐԵԱԼ» արագացուցիչը նախագծվել և կառուցվել է 2011-2013 թվականների ընթացքում` գերմանական «ԴԵՍԻ» (DESY) արագացուցչային կենտրոնի ու շվեյցարական Փոլ Շերերի ինստիտուտի հետ միջազգային սերտ համագործակցությամբ: Արտասահմանյան առաջատար մասնագետներից կազմված միջազգային խումբը փորձագիտական աջակցություն է ցուցաբերել այս ծրագրին:

2014թ. հոկտեմբերին ավարտվել են բժշկակենսաբանական և միկրոտեխնոլոգիաների գծով փորձարարական կայաններով «ԴԵԼՏԱ» լաբորատորիաների ստեղծման աշխատանքները: 2014թ. դեկտեմբերից Ա. Ի. Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայի, Երևանի պետական համալսարանի, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և «ՔԵՆԴԼ» ինստիտուտի գիտական խմբերը կսկսվեն «ԱՐԵԱԼ» համալիրում իրականացնել իրենց փորձարարական հետազոտությունները, որոնք ներառում են մոլեկուլային ֆիզիկայի, նյութագիտության, կենսաֆիզիկայի, կենսաբժշկության, միկրոէլեկտրոնիկայի և արագացուցչային նոր տեխնոլոգիաների ժամանակակից խնդիրներ:

2014թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ինստիտուտը գերմանական «ԴԵՍԻ» արագացուցչային կենտրոնի համար էլեկտրաֆիզիկական սարքավորումների ստեղծման կարևոր պատվեր է կատարել: Ծրագրվել է «ԱՐԵԱԼ» համալիրում արտասահմանյան գործընկերների հետ համատեղ կատարել նոր արագացուցչային տեխնոլոգիաների և ճառագայթման աղբյուրների գծով հետազոտությունների երկարաժամկետ ծրագրեր:

Հայերեն English Русский

Կոպենհագենն ու Նուուկն ինքնիշխանության երաշխիքների դիմաց ԱՄՆ-ին հասանելիություն են տրամադրել դեպի Գրենլանդիա

Ծովինարում հիմնանորոգվում է 4 փողոց

Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի լաբորատորիան համալրվել է օդի, հողի և ջրի մոնիտորինգի ժամանակակից սարքավորումներով

Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովն իր փորձով և վարժընթացներով պատրաստ է աջակցել ՀՀ իշխանություններին

Երևանում կասեցվել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը

Կա մեծ հավանականություն, որ առաջիկա տասնամյակներում Կայան-Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Սպիտակ-Գյումրի-Ախուրիկ ավտոճանապարհը լինելու է մեր տարածաշրջանի ամենածանրաբեռնված ճանապարհներից. ՀՀ վարչապետ

Պուտինն ամփոփել է Թրամփի և Սի Ծինփինի հետ հանդիպման արդյունքները

Վարդենիս համայնքում կայացել է «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլը

Անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման հարցում պետությունների պատասխանատվությունն ու միջազգային մեխանիզմները՝ փորձագետների ուշադրության կենտրոնում

Փորձաքննությունը հաճախ չի կատարում նախագծերի որակի ֆիլտրի իր դերը. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ