ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ձեզ ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ձեր դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալու նոր գրքերի վերաբերյալ, ծանոթանալու դասական երկերին և արդի գրականության զարգացման միտումներին: Մեր ցանկերից ընտրեք այն գրքերը, որոնք ձեզ դուր են գալիս և սկսեք ընթերցել:
Այս շաբաթ«Արմենպրես»-ը կրկին առանձնացրել է տարբեր հրատարակչությունների նոր հրատարակած և հանրության դատին հանձնած չորս ուշագրավ գրքեր՝ չորս խորագրերի ներքո:
Հայ դասական գրականություն
Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն»
«Հայոց պատմություն» աշխատությունը բաղկացած է 3 գրքից: Առաջինում հեղինակն անդրադարձել է հայ ժողովրդի ծննդաբանությանը, մանրամասնորեն քննության առել հայոց անվանադիր նախնի Հայկ Նահապետի ու նրա սերունդների գործունեությունը: Երկրորդը նվիրված է Արշակունյաց արքայատոհմի պատմությանը և ավարտվում է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու իրադարձությունների նկարագրությամբ: Երրորդում շարադրված է Տրդատ Գ Մեծի հաջորդների, Պարսկաստանի ու Հռոմի միջև Հայաստանի առաջին բաժանման (387թ.), Արշակունյաց թագավորության անկման (428թ.) պատմությունը:
Խորենացին օգտագործել է օտար ու հայկական (այդ թվում՝ նախամաշտոցյան) մատենագրական, վավերագրական, բանավոր, նյութական և այլ սկբնաղբյուրներ: «Հայոց պատմություն»-ն իր կուռ կառուցվածքով, հստակ ու ճշգրիտ ժամանակագրությամբ, պատմության պարբերականացման սկզբունքով, շեշտված հայրենասիրական ուղղվածությամբ դարձել է անփոխարինելի ազգային արժեք, համաշխարհային պատմագիտական մտքի նշանավոր կոթողներից: «Հայոց պատմություն»-ն օրինակ ու չափանիշ է եղել միջնադարյան հայ պատմագիրների համար, բազմիցս ընդօրինակվել է և մինչև XIX դարի կեսերը հայկական դպրոցներում եղել է հայ ժողովրդի պատմության անփոխարինելի դասագիրք: Խմբագիրն է Ա. Գաբրիելյանը: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:
Ժամանակակից գրականություն
Էդուարդ Հարենց, «Ինտերմեդիա ջրերից»
Ժողովածուն Էդուարդ Հարենցի պոետական հասունության, ձևավորված աշխարհայացքի, ինքնացող ձեռագրի վկայությունն է: Բանաստեղծն այստեղ ամբողջովին իր տարերքի մեջ է՝ կարծես հանրահայտ, բայց միևնույն ժամանակ՝ զուտ հարենցյան մտածողության, բառերի, պատկերների արարչագործ տարերքի մեջ: Վայելելով իր իսկ լեզվամտածողության արարումների պարգևած ցնծությունը՝ Հարենցը միևնույն ժամանակ այդ վայելումն է պարգևում նաև նրանց, ում հասու է բառի ու բանի ինքնօրինակ աշխարհը: Գիրքը խմբագրել է Արքմենիկ Նիկողոսյանը: Այն լույս է ընծայել «Անտարես»-ը:
Թարգմանական գրականություն
Մաքսիմ Գորկի, երկեր
«Համաշխարհային գրականություն» մատենաշարով հրատարակված հերթական գիրքն ընդգրկում է Մ. Գորկու մի շարք ստեղծագործություններ, որոնք ներառված են հանրակրթական դպրոցի և բուհերի ուսումնական և ուսումնաօժանդակ ծրագրերում:
Գորկին առաջին անգամ հայ մշակույթին ծանոթացել է 1890-ական թթ.: Հայ-ռուսական գրական կապերի պատմության մեջ նշանակալի իրադարձություն եղավ Գորկու նախաձեռնությամբ ու խմբագրությամբ 1916-ի գարնանը լույս տեսած «Հայ գրականության ժողովածու»-ն: Հայտնի է նրա նամակագրությունը Շիրվանզադեի, Վահան Տերյանի և ուրիշների հետ: Մահից մի փոքր առաջ մասնակցել է «Հայաստանի պոեզիայի անթոլոգիա»-ի խմբագրման աշխատանքներին:
Գորկու ստեղծագործությունները թարգմանել են Հովհաննես Թումանյանը, Հակոբ Հակոբյանը, Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Մովսես Արազին և ուրիշներ: Հայ բեմում բազմիցս ներկայացվել են նրա պիեսները: Խմբագիրներն են Ա. Գաբրիելյանը և Լ. Մարգարյանը: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:
Մանկական գրականություն
Ջեյմս Մեթյու Բարրի, «Փիթր Փենը Քենսինգթոնի այգիներում»
Ջ.Մ. Բարրին մանկական գրականության ամենակատարյալ և հուզիչ կերպարներից մեկի` Փիթր Փենի գրական կնքահայրն է: Անմայր ու տնանկ տղայի կյանքը հեղինակը վերածում է հրաշապատում զրույցի` փոքրիկ ընթերցողի համար հմտորեն հյուսելով երազային ու լուսավոր մի պատմություն, որ գրվել է վաղուց` ուրախ ու տխուր տարիներ առաջ, մեզանից հեռու մի աշխարհում… Թարգմանությունը`Ալվարդ Ջիվանյանի: Գիրքը հրատարակել է «Զանգակ»-ը:
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը