Տարածաշրջանային

Թուրքիայում անհանգստացած են ԶՈւ ԳՇ կայքից Հայոց ցեղասպանությունը ժխտող բաժնի անհետացմամբ

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում անհանգստացած են ԶՈւ ԳՇ կայքից Հայոց ցեղասպանությունը ժխտող բաժնի անհետացմամբ

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության իրողությունը ժխտող 8-հատորանոց աշխատության` օրերս Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի կայքից անհետացումը անհանգստացրել է այդ երկրի որոշ շրջանակների:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական zete.com կայքը, Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Ալի Իհսան Քյոքթուրքը երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին գրավոր հարցապնդում է ներկայացրել` պահանջելով բացատրել ԳՇ պաշտոնական կայքից աշխատությունը հանելու պատճառը:

Հարցապնդման մեջ պատգամավորն անհանգստություն է հայտնել, որ այն պայմաններում, երբ հայկական սփյուռքը ակտիվորեն նախապատրաստվում է 2015 թվականի ապրիլի 24-ին նշել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, թուրքական կողմը, «փոխանակ հակաքայլեր ձեռնարկի», ԳՇ կայքից հանել է «հայկական պնդումներին պատասխանելու համար պատրաստված աշխատությունը»: Թուրք պատգամավորը Դավութօղլուից հետաքրրքվել է, թե ինչ աշխատանքներ եւ հակաքայլեր է նախաձեռնում կատարել կառավարությունը հայկական պնդումների դեմ:

Թուրքական «Ջումհուրիեթ» թերթն օրերս հայտնել էր, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր պաշտոնական կայքից հանել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ ռազմական պատմության եւ ռազմավարական հետազոտությունների նախագահության (ATASE) կողմից Հայոց ցեղասպանության պնդումներին «պատասխանելու» համար «Պատառիկներ պատմությունից» բաժնում PDF ձեւաչափով տեղադրված` «1914-1918 թվականներին հայերի գործունեությունը արխիվային փաստաթղթերում» ենթաբաժինը, որն ուղղված էր Հայոց ցեղասպանության իրողության «ժխտմանը»:

Թերթը հայտնել էր, որ թուրքերեն եւ անգլերեն այդ աշխատության վրա աշխատանքները սկսվել էին 2006 թվականին եւ ավարտին հասցվել 2008 թվականին: 3 տարում պատրաստված այդ աշխատությունն այժմ հնարավոր է տեսնել միայն ԳՇ ATASE եւ վերահսկողության նախագահության հրատարակչական բաժնի տնօրինության կայքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում