Մշակույթ

Սերժ Ավետիքյանին հետաքրքրում է «Փարաջանով» ֆիլմի վերաբերյալ Ֆրանսիայի արձագանքը

4 րոպեի ընթերցում

Սերժ Ավետիքյանին հետաքրքրում է «Փարաջանով» ֆիլմի վերաբերյալ Ֆրանսիայի արձագանքը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Վրաստանի համատեղ արտադրությամբ ստեղծված «Փարաջանով» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը կհայտնվի ֆրանսիական կինովարձույթում: Ֆրանսիացիները հնարավորություն կունենան ծանոթանալ անվանի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի գործունեությանը և արվեստին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ֆիլմի գլխավոր դերակատար և համառեժիսոր Սերժ Ավետիքյանը նշեց,որ կինոնկարը Ֆրանսիայում կներկայացվի հաջորդ տարվանից:«Ֆրանսիայում «Փարաջանով»-ի վարձույթը կսկսվի հունվարի 7-ից: Տեղեկությունն արդեն հաստատվել է, կարծում եմ, որ դեռ կլսեք այդ մասին: Տեսնենք, թե ինչպես է Ֆրանսիան դիտելու և ընդունելու ֆիլմը, ինձ էլ է շատ հետաքրքրում»,-նշեց Ավետիքյանը:

Նրա խոսքով՝ ֆիլմն արդեն իսկ ցուցադրվել է Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, Ռուսաստանում, հիմա էլ Ֆրանսիայի հերթն է: « «Փարաջանով» ֆիլմը բազմաթիվ փառատոնների է մասնակցել և կշարունակի մասնակցել»,-հավելեց Սերժ Ավետիքյանը:

Նախքան մեծ էկրաններ բարձրանալը «Փարաջանովը» հսկայական փառատոնային ուղի է անցել: Հունվարի 24-ին ֆիլմը ներկայացվել է Անժե քաղաքի փառատոնում: Փետրվարի 1-ին` Փարիզի արվարձաններից մեկում այն մասնակցել է «Լոնգրուայի մրցանակ» արարողությանը:«Փարաջանովը» ներկայացված է եղել 2013 թ. սեպտեմբերի 19-23-ն անցկացվող Բաթումի կինոփառատոնի մրցութային միջազգային ծրագրում, Համբուրգի և եվրոպական մասշտաբի այլ փառատոններում:

Ուկրաինան «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրել էր «Փարաջանով» ֆիլմն Ամերիկյան կինոակադեմիայի 2013 թվականի «Օսկար» մրցանակի համար:Օդեսայի 4-րդ կինոփառատոնում «Փարաջանով»գեղարվեստական ֆիլմը ճանաչվել էր լավագույն լիամետրաժ ֆիլմ և ստացել «Զոլոտոյ Դյուկ» մրցանակը: Մասնագիտական ժյուրիի դրական գնահատականից բացի, այն արժանացել էր նաև հանրության հավանությանը: Կինոժապավենի համաշխարհային պրեմիերան Aխմբիփառատոնների շարքում «East of the West» մրցութային ծրագրի շրջանակում կայացել է այս տարվա հուլիսին Կարլովի Վարի փառատոնում: «Փարաջանով»-ը հայ հանդիսատեսի դատին առաջին անգամ ներկայացվեց 2013թ.հուլիսին «Մոսկվա» կինոթատրոնում` հոբելյանական «Ոսկե ծիրան» փառատոնի փակմանը հատուկ ցուցադրմամբ: Բացի այդ, Սերժ Ավետիքյանի «Փարաջանով» ֆիլմն այս տարվա «Հայակ» մրցանակաբաշխության ֆավորիտն էր: Կինոնկարը ստացավ 4 մրցանակ` հաղթելով «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասան», «Լավագույն նկարիչ» անվանակարգերում:

Ռեժիսոր, սցենարիստ, դերասան Սերժ Ավետիքյանը սովորել է Մյոդոնի դրամատիկական արվեստի դպրոցում, խաղացել ֆրանսիական դասական ու ժամանակակից խաղացանկի շատ ներկայացումներում: 1976-ին Փարիզում հիմնել է թատերական ընկերություն և մի շարք ներկայացումներ բեմադրել: 1982-ից սկսել է վավերագրական ֆիլմեր նկարահանել` միաժամանակ շարունակելով աշխատանքը որպես կինոյի և թատրոնի դերասան: 1988-ին հիմնել է սեփական կինոընկերությունը և հեղինակային ֆիլմեր նկարահանել: Զուգահեռաբար շարունակել է դերասանական գործունեությունը թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում: 2000-ից առավելապես նվիրվել է թատրոնում և կինոյում խաղալուն և շարունակել ֆիլմեր նկարահանել նոր պրոդյուսերների հետ: 2007-ին ասպարեզ է հանել «Մենք նույն ջուրն ենք խմել» իր առաջին վավերագրական լիամետրաժ ֆիլմը: 2010-ին

Ավետիքյանը «Շների կղզին» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար արժանացել է Կաննի միջազգային կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղին»: Բեմադրել է «Անուշ» օպերան:

Ռոզա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում