Քաղաքականություն

Հայ ժողովուրդը բացառիկ առաքելություն է կրում ցեղասպանությունների կրկնությունը կանխարգելելու հարցում. Սերժ Սարգսյան

3 րոպեի ընթերցում

Հայ ժողովուրդը բացառիկ առաքելություն է կրում ցեղասպանությունների կրկնությունը կանխարգելելու հարցում. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մենք հավատում ենք, որ ողջ մարդկությունը պետք է հետևողական լինի հանցագործությունների հանցագործության ճանաչման, դատապարտման և ժխտման բացառման հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին The New York Times-ում հրապարակված ներդիրում տպագրված հարցազրույցում նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նա այս միտքը բնորոշել է որպես Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին Միացյալ Նահանգների կառավարությանն ու հանրությանն ուղղված հիմնական ուղերձ:

Նույնիսկ այսօր մարդկությունը շարունակում է ականատես լինել ցեղասպանության նման հրեշավոր հանցագործությունների: «Պատմությունը շարունակելու է կրկնվել մինչև անցյալի հանցագործությունները հստակ գնահատական չստանան: Այսօր որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ մենք որոշակի պարտավորություն ենք զգում, քանի որ կրում ենք բացառիկ առաքելություն կանխարգելելու ցեղասպանությունների կրկնությունը»,- ընդգծում է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով` Հայոց ցեղասպանությունն անառարկելի փաստ է` արձանագրված միջազգային հանրության կողմից, որն ապաստան է տրամադրել հարյուր հազարավոր հայերի, ովքեր փախչել են Օսմանյան կայսրությունում ջարդերից: «Այսօր նույնիսկ թուրքական հասարակության ուսյալ շերտերը հաշտվել են իրենց անցյալի հետ` դեմ դուրս գալով պետության պաշտոնական ժխտողական դիրքորոշմանը»,- նշել է Սարգսյանը:

Երկրի ղեկավարը շեշտել է նաև, որ քանզի մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները միջազգային հանրության համար դարձել են բացարձակ արժեք, Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական շահերին ստորադասելը հակասում է ներկայիս աշխարհակարգի բարոյական և իրավական նորմերին: «ԱՄՆ-ի հզորությունը նույնպես պայմանավորված է այս արժեքների հանդեպ իր հանձնառությամբ: ԱՄՆ-ի օրենսդիր մարմինն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ութ որոշում, այն պաշտոնապես ճանաչվել է ԱՄՆ 40 նահանգներում: 1980-ականների Ռեյգանի վարչակազմը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությանը: Վաղ թե ուշ Թուրքիան ևս ստիպված կլինի հաշտվել իր պատմության հետ և ազատել ինքն իրեն` վերահաստատելով արդարությունը»,- ամփոփել է ՀՀ Նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում