Մոնսերատ Կաբալյեն կնպաստի, որ արցախցի տաղանդները հանդես գան միջազգային բեմերում

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալյեի երկրորդ այցը Արցախ հիմք է դրել նոր համագործակցության, որի նպատակն է Արցախում ոչ միայն զարգացնել օպերային արվեստը, այլեւ ճանապարհ հարթել արցախցի տաղանդներին միջազգային բեմերում ելույթների համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը ներկայացնում է Կաբալյեի այցի մանրամասներն ու նոր համագործակցության ծրագրերը:

-Տիկին Աղաբալյան, Մոնսերատ Կաբալյեի առաջին այցը մեծ աղմուկ բարձրացրեց հատկապես Ադրբեջանում: Ենթադրվում էր, որ աղմուկը կխոչընդոտի Կաբալյեի հետ հետագա համագործակցությանը: Սակայն ստացվեց հակառակը:

-Այո, դուք իրավացի եք: Առաջին ացի ժամանակ, երբ Կաբալյեն եկավ Արցախ ու ճանաչեց այն, խոստացավ, որ համագործակցությունը կշարունակվի եւ որ ինքը պատրաստ է նաեւ վարպետության դասերով աջակցել արցախցի երիտասարդներին: Խոսել էինք այդ թեմայով, բայց չէինք պատկերացնում, որ նա նորից կգա Արցախ: Շատ դժվար է այդ տարիքում, այդ առողջական վիճակով նման ճանապարհ հաղթահարել, եւ նաեւ դրանով է թանկ այս այցը, որ իմանալով` ուր է գնում եւ ինչ դժվարություն է հաղաթահարելու, եկավ Արցախ: Երգչուհուն ուղեկցում էին աղջկա ընտանիքը, թոռնիկը, նվագակցող երաժիշտն ու երգիչներ: Դեռեւս նախորդ տարի Փարիզում նա խոստացավ գալ եւ Ստեփանակերտում համերգ տալ: Իր մեջ պահանջ ծնվեց, որ անպայման պետք է արցախցիների համար երգի: Հետաքրքրական է, որ Կաբալյեն նամակ էր գրել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին` ասելով, որ ինքը շատ ուրախ է ծանոթանալ մեր երկրին, ժողովրդին եւ եկեղեցուն: «Դուք պատրաստվում եք նշել խաղաղության հաստատման քսանամյակը, ես կգամ եւ ձեզ հետ կտոնեմ այն: Պատրաստ եմ իմ բոլոր ծրագրերը փոխել, որպեսզի իմ ընկերներն էլ կարողանան ինձ հետ գալ Արցախ»,- ասված էր նամակում: Եւ մեզ համար սա կրկնակի ուրախություն ու մեծ պատիվ էր, այսպիսի պատրաստակամություն տեսնել նման մեծության կողմից եւ պայմանավորվածության համաձայն էլ համերգ կազմակերպվեց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:

-Արցախցին ինչպե՞ս ընդունեց Կաբալյեին:

-Արցախցին շատ ջերմորեն ընդունեց: Երկրպագուները նրան ուղեկցում էին ամենուր: Նա այցելեց վերջերս վերանորոգված երաժշտական քոլեջ, որտեղ տեղի ունեցավ Մոնսերատ Կաբալյեի անվան երգեցողության մասնագիտացված դասարանի բացումը: Գիտեք, օպերային արվեստի տեսակետից Արցախը լավ նախադյալներ ունի: Պետք է բացահայտել եւ զարգացնել տաղանդները, եւ այս ուղղությամբ լուրջ ու հետեւողական աշխատանք է կատարվում, մանսնագիտական դասարանի բացումն էլ այդ գործունեության սկիզբն է: Այսօր էլ Արցախում օպերային ներկայացումներ բեմադրվում են, բայց կրթական մակարդակով լուրջ քայլեր է պետք կատարել, եւ խնդրեցինք Կաբալյեի աջակցությունը, որ իր խորհրդով ու աջակցությամբ հրավիրենք մասնագետների, ովքեր կգան եւ վարպետության դասեր կտան Արցախում: Նա համաձայնեց աջակցել այդ հարցում, նաեւ լսեց մեր երգիչներին, երաժիշտներին: Հատկապես հավանեց ջութակահար Դավիթ Հակոբյանին եւ ցուցադրած վարպետության համար նրան անվանեց վիրտուոզ: Կաբալյեն ցանկություն հայտնեց, որ Դավթին ամբողջ աշխարը լսի, եւ մեր համագործակցության մի ողղությունն էլ կլինի արցախցի երաժիշտների համար ճանապարհ հարթելը դեպի միջազգային բեմեր:

-Ստացվում է, որ քաղաքական առումով Արցախը չճանաչված պետություն է, բայց մշակութային առումով ավելի բարձր է, քան մի շարք ճանաչված պետություններ:

-Ես միայն ուրախ եմ դրա համար: Մեր խնդիրն է ցույց տալ աշխարհին, որ Արցախը ոչ թե հակամարտող պետություն է, ագրեսոր, այլ քաղաքակիրթ, մշակութաստեղծ, հարուստ պատմություն ունեցող երկիր: Մշակույթի միջոցով մեր բարեկամների թիվն ավելանում է: Մարդիկ, ովքեր այդքան էլ սկզբունքային չեն, ընկրկում են Ադրբեջանի սովորական դարձած վայնասունի, հիստերիկ ջղաձգումների դեմ, մարդիկ ովքեր կայուն են եւ ապրում են իրական արժեքներով, իրենց առջեւ խոչընդոտներ չեն տեսնում: Որքան փորձում են արգելել, այնքան ավելի հաստատակամ են իրենց ցանկություններում: Անցյալ անգամ Ադրբեջանը փորձեց կասեցնել եւ չստացվեց: Կաբալյեին սեւ ցուցակում ընդգրկեցին, հետո հասկացան, որ առնվազն ապուշություն է իրենց արածը եւ համերգի հրավեր ուղարկեցին նրան: Բայց երկրորդ անգամ Արցախ այցելելով` Կաբալյեն ցույց տվեց, որ ազատ է իր ընտրության մեջ ու ինքն է ընտրում իր բարեկամներին եւ, կարծում եմ, շատ հարցերի պատասխան տվեց:

-Այլ աշխարհահռչակ աստղերի հետ համագործակցո՞մ եք:

-Այո, եւ սպասվոմ են նոր նախաձեռնություններ, ուղղակի հաշվի առնելով Ադրբեջանի` արհեստական խոչընդոտներ ստեղծելու հավանականությունը, մենք չենք հայտարարում նախապես այդ մասին: Շատերի հետ ենք համագործակցում եւ շատ մեծ նախագծեր ունենք: Սահմանել ենք նշաձող, որն իջեցնել չենք կարող եւ ամենահետաքրքրականն այն է, որ յուրաքանչյուրն, ով հաղթահարում է դժվարությունն ու այցելում Արցախ, սիրահարվում է մեր երկրին: Ով չի գալիս, իր գործն է: Աշխարհում բոլոր ժողովուրդներն ու մարդիկ ունեն նույն իրավունքը, եւ պետք է դա հաշվի առնել: Անհեթեթություն է մարդկանց ասել` դուք իրավունք չունեք շփվելու այսպիսի մեծությունների հետ կամ հանդես գալու մեծ բեմերում, քանի որ դուք ճանաչված չեք: Մեզ ճանաչում են շատ հայտնի մարդիկ, որոնց կարծիքը հեղինակավոր է, ովքեր իսկապես կշիռն ունեն: Մեզ ճանաչում են ժողովուրդներ, իսկ քաղաքական իշխանությունները թող ճանաչեն այն ժամանակ, երբ իրենք հարմար կգտնեն:

-Եթե ամփոփելու լինենք մշակութային տարին, ինչպիսի՞ն էր այն Արցախի համար:

-Տարին արդյունավետ էր: Երկու ողղություն կառանձնացնեմ` մշակութային կրթություն ու մշակութային համագործակցություն: Մշակութային կրթության ոլորտում բարեփոխումներ են կատարվել, եւ շեշտը դրվել է այն բանի վրա, որ Արցախում մյուս արվեստները զարգանան, ապահովենք արվեստների զարգացման համաչափությունը: Բոլոր շրջաններում ունենք երկու տասնյակ երաժշտական դպրոցներ, եւ, բնականաբար, միայն երաժշտարվեստն էր զարգանում, իսկ մնացած արվեստները մանկապատանեկան կենտրոնների մակարդակով էին զարգանում: Այս տարի սեպտեմբերից վերակազմակերպեցինք արվեստի բոլոր դպրոցները, որ զարգացնենք կիրառական արվեստը, կերպարվեստն ու պարարվեստը նույնպես: Ինչ վերաբերում է մշակութային երկխոսությանն ու ինտեգրմանը, ապա դա տարբեր ձեւերով է արվում: Այս տարի ՀՀ առաջին տիկնոջ հովանավորությամբ Շուշիում կայացավ օպերայի ներկայացում, եւ ռուս հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան խոստացավ հաջորդ տարի Արցախում բեմադրել Վերդիի «Ռեքվիեմ»-ը: Սա նորից ենթադրում է մշակութային համագործակցություն: Այժմ աշխատանքներ են ընթանում քանդակների պուրակի բացման ուղղությամբ: Այս տարի երեք նոր թանգարան է բացվել Շուշիում, ինչը նույնպես շատ կարեւոր է թանգարանային գործի եւ մշակութային զբոսաշրջության գրավչության բարձրացման առումով:

Հարցազրույցը` ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում