Տարածաշրջանային

Վրացական գինու արտահանման կեսից ավելին բաժին Է ընկնում Ռուսաստանին

2 րոպեի ընթերցում

Վրացական գինու արտահանման կեսից ավելին բաժին Է ընկնում Ռուսաստանին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացական գինու արտահանման ընդհանուր ծավալը 2014 թվականի հունվար-սեպտեմբերին անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել է 62 տոկոսով: Դրա հետ մեկտեղ արտահանման կեսից ավելին բաժին է ընկել Ռուսաստանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 7-ին հաղորդել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարության գինու ազգային գործակալությունը:

Գերատեսչության տվյալներով՝ ինն ամսվա ընթացքում Վրաստանը 0,75 լիտր տարողությամբ 42,8 միլիոն շիշ գինի է մատակարարել աշխարհի 35 երկրների. Ռուսաստան Է արտահանվել 27,937 միլիոն շիշ, ինչը կազմում Է արտահանման ընդհանուր ծավալի 65 տոկոսը:

Հաշվետու ժամանակաշրջանում արտահանվել Է 137,104 մլն դոլար գումարի արտադրանք, ինչը 64 տոկոսով ավելի է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ:

Ռուսաստանից հետո, վրացական գինու խոշորագույն ներմուծողների թվում են՝ Ուկրաինան, Ղազախստանը, Լեհաստանը, Բելառուսը: Իսկ երկրների տասնյակում տեղ են գտել Չինաստանը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան եւ Ադրբեջանը:

Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն նախօրյակին Թբիլիսիում հայտարարել Է, որ հոկտեմբերի 15-16-ին Ռուսաստանի եւ Վրաստանի ներկայացուցիչների միջեւ Պրահայում կայանալիք հերթական հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների փոխհարաբերությունները եւ այդ հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Աբաշիձեի խոսքով՝ ՌԴ-ի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ հանդիպման ընթացքում քննարկման հիմնական թեմաները կլինեն առեւտրական, մշակութային, մարդասիրական եւ տնտեսական հարցերը, ինչպես նաեւ երկրների միջեւ ավիահաղորդակցության վերսկսման թեման: Լրագրողների հետ կայացած զրույցի ընթացքում հատուկ ներկայացուցիչը նշել Է, «թե բացառված չԷ, որ խոսք կլինի նաեւ Աբխազիայի տարածքով ՌԴ-ի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում