Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-11. Ցանկացած ընթերցողի ճաշակով

4 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-11. Ցանկացած ընթերցողի ճաշակով

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ձեզ ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ձեր դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի վերաբերյալ, ծանոթանալ դասական երկերին և արդի գրականության զարգացման միտումներին: Նոր գրքերը կարող եք ընտրել հենց մեր ցանկերից և սկսել ընթերցել:

Այս շաբաթ«Արմենպրես»-ը կրկին առանձնացրել է տարբեր հրատարակչությունների նոր հրատարակած և հանրության դատին հանձնած չորս ուշագրավ գրքեր՝ չորս խորագրերի ներքո:

Հայդասականգրականություն

Հրաչյա Քոչար, երկեր

«Իմ գրադարանը» մատենաշարով լույս է տեսնում հայ գրող, հրապարակախոս Հրաչյա Քոչարի ստեղծագործությունների ժողովածուն: Ժողովածուի մեջ զետեղված են «Մայրենի լեզու» շարքի գործերը, «Նահապետ» վիպակը և այլ վիպակներ ու պատմվածքներ: Այս ստեղծագործություններում Քոչարը վերլուծում է իր ժողովրդի պատմությունը, ողբերգությունների, կորուստների տառապանքն ու վերագտնումների լուռ ուրախությունը: Հրաչյա Քոչարի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են «Հյուսիսային ծիածան», «Նահապետ», «Կարոտ» գեղարվեստական կինոնկարները: ժողովածուն կազմել է Նվեր Վիրաբյանը: Այն հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

Ժամանակակիցգրականություն

Կարեն Անտաշյան, «Ծիլիով»

Ծիլի-Ծովը կենաց հասուն բնազդների և հմայական հետազոտությունների գիրք է: Այստեղ սրբազնացվում է Ջուրը՝ որպես Կյանքի հիմնական հումք, և Կյանքը՝ որպես Ջրի հրաշալի հատկություն: Կյանքի ինքնարարումը ջրից՝ նույնական է լեզվից իմաստներ խոսելուն, իսկ լեզվի բնազդին հետևելով բանաստեղծելը՝ իրականություն հրահրող հմայություն է: Խմբագիր՝ Հասմիկ Հակոբյան: Այն հրատարակել է «Անտարես»-ը:

Թարգմանականգրականություն

Պաուլու Կոելյո «Ալքիմիկոսը»

«Ալքիմիկոսը» բրազիլացի գրող Պաուլու Կոելյոյի լավագույն ստեղծագործություններից է: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Բնագրից հայերեն է թարգմանվում առաջին անգամ: Պորտուգալերենից թարգմանել է Աննա Մարությանը: Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան: Այն հրատարակել է «Անտարես»-ը:

Մանկականգրականություն

Աթաբեկ Խնկոյան, Առակներ: Ներկայացնում են պլաստիլինե հերոսները

Գրքում ընդգրկված են Աթաբեկ Խնկոյանի` երեխաների կողմից սիրված առակները, որոնց հերոսներն իրականում կերտվում են գունագեղ պլաստիլինից: Բացի սիրված ստեղծագործությունների ընթերցումից` երեխաները կարող են ինքնուրույն կերտել հերոսներին, ինչը կզարգացնի նրանց մտածողությունը, երևակայությունը, ձեռքի շնորհքը` բացահայտելով արվեստագետի նրանց ունակությունները: Գիրքը հրատարակել է «Զանգակ»-ը:

«Նորգիրք»-ըներկայացրեցՌոզաԳրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում