Հասարակական

Իմունոգենետիկայի և փոխպատվաստման ոլորտի տարբեր երկրների մասնագետները փորձ են փոխանակում Երևանում

3 րոպեի ընթերցում

Իմունոգենետիկայի և փոխպատվաստման ոլորտի տարբեր երկրների մասնագետները փորձ են փոխանակում Երևանում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում են հավաքվել իմունոգենետիկայի և փոխպատվաստման բնագավառում համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետներ ԱՄՆ-ից, Եվրոպայի ու մեր տարածաշրջանի երկրներից: Նրանք մասնակցում են «Իմունոգենետիկայի Եվրոպական ֆեդերացիայի» (EFI) տարածաշրջանային երկրորդ գիտաժողովին, որն անցկացվում է հոկտեմբերի 4-ին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Մեզ համար սա նշանակալի իրադարձություն է, քանի որ Հայաստանում մեկնարկել է «Իմունոգենետիկայի Եվրոպական ֆեդերացիայի» (EFI) տարածաշրջանային երկրորդ գիտաժողովը, որը, հիմնականում, լուսաբանում է այն նոր և արդիական մոտեցումները, որ կան այս ոլորտում: Մեզ համար ավելի քան հետաքրքիր է այս գիտաժողովը` հաշվի առնելով այն, որ Հայաստանում ավելի քան 15 տարի է` գործում է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը»: Այն հաջողությունները, որ ձեռք են բերվել այս կազմակերպության մեր մասնագետների կողմից, հույս են տալիս, որ Հայաստանը երբևէ կդառնա տարածաշրջանային կենտրոն»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով` գիտաժողովի ժամանակ փորձի փոխանակումը, գիտելիքների և պրակտիկ գործունեության հետ կապված խնդիրների քննարկումները կարող են բարձրացնել նշաձողը, որին ձգտում է Հայաստանը: «Սա վերաբերում է նաև մասնագիտական վերապաստրաստումներին, գիտական նորամուծություններին: Ես հուսով եմ, որ նման քննարկումների արդյունքում կստանանք նոր մոտեցումներ, փորձի փոխանցման առումով կստանանք որոշակի վրիպումների ու հաջողությունների վերլուծություններ: Համոզված եմ, որ այս աշխատանքի արդյուքնում ստացված բոլոր մոտեցումները կկիրառվեն բժշկական առօրյայում»,- հավելեց Արմեն Մուրադյանը:

Նախարարը գիտաժողովի մասնակիցներին մաղթեց հաջողություն և արգասաբեր աշխատանք` խորհուրդ տալով վայելել նաև հիասքանչ Հայաստանը:

Գիտաժողովն անցկացվում է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ:

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Հայաստանում 1999-ին լեյկոզով և արյան մի շարք հիվնադություններով տառապող հիվանդների կյանքի փրկության և բուժման համար ժամանակակից մեթոդների (մասնավորապես` ոսկրածուծի, ցողունային բջիջների փոխպատվաստման) կիրառման և տրանսպլանտալոգիայի զարգացմանը նպաստելու նպատակով:

EFI-ն գործում է 1970-ականներից, նպատակն է համախմբել իմունոգենետիկայի բնագավառի կենտրոններին ու մասնագետներին, պարբերական ժողովների միջոցով նրանց միջև կապ և համագործակցություն հաստատել, հավատարմագրել եվրոպական ստանդարտներին համապատասխանող լաբորատորիաները և ստեղծել մասնագիտական, տեղեկատվական ու փորձի փոխանակման ցանց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում