ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ այն առաջին պետություններից է, որի հետ Հայաստանի Հանրապետությունը սկսել եւ այժմ էլ շարունակում է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ծավալել սերտ համագործակցություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ համագործակցության բարձր մակարդակ է առկա ոչ միայն երկու երկրների Պաշտպանության նախարարությունների, այլեւ տարբեր զորամասերի միջեւ: «Հայ զինծառայողների մի խումբ ամեն տարի ռազմական կրթություն է ստանում Աթենքում: Հունաստանն էլ հետաքրքրությունների լայն շրջանակ ունի Հայաստանում, ինչի արդյունքում երկկողմ կապն ու համագործակցությունը տարեցտարի ավելի է սերտանում»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992թ. հունվարի 20-ին: Ռազմական ոլորտում երկու երկրները կնքել են մի շարք կարեւորագույն համաձայնագրեր: Մասնավորապես 1996թ. հունիսի 18-ին Աթենքում ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր: Ստորագրվել է Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև Հունաստանի Հանրապետության զինվորական ուսումնական հաստատություններում ՀՀ քաղաքացիների ուսուցման կարգի և պայմանների մասին համաձայնագիր: 1999թ. հոկտեմբերի 18-ին Աթենքում ստորագրվել է ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիր: 2011թ. հունվարի 18-ին Աթենքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ստորագրվել է ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր: