Մշակույթ

Սոս Սարգսյանի մահարձանը ներկայացնում է արվեստագետին իր ողջ մեծությամբ

4 րոպեի ընթերցում

Սոս Սարգսյանի մահարձանը ներկայացնում է արվեստագետին իր ողջ մեծությամբ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ճանաչված և սիրված դերասան Սոս Սարգսյանն արդեն մեկ տարի է` մեզ հետ չէ: Սեպտեմբերի 26-ին լրացավ անվանի մտավորականի մահվան տարելիցը: Այդ կապակցությամբ մտավորականները, պետական պաշտոնյաները և նրա արվեստի երկրպագուները սեպտեմբերի 27-ին այցելեցին Երևանի Կոմիտասի անվան պանթեոն՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու վարպետի հիշատակին և տեսնելու նրան նվիրված մահարձանը:

«Եթե փնտրենք, վառ օրինակներ կլինեն` մեր ազգը և մեր երիտասարդ սերունդը դաստիարակելու համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում խոսելով Սոս Սարգսյանի մասին, նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Սոս Սարգյանի այրին՝ Նելլի Սարգսյանը, վերհիշելով վարպետին` նշեց, որ դերասանի համար հայրենիքից բարձր ոչինչ չկար: «Սոս Սարգսյանն ասում էր՝ վատություն անելը հեշտ է , դժվար է լավությունն անելը: Չպետք է մտածես՝ ինչ ես ստանալու փոխարենը, պետք է անես. սա իր կյանքի կարգախոսն էր: Նա անտարբեր չմնաց, ամեն գործում և ամեն հարցում սրտացավ էր, վիրավորվում էր ամենափոքր անշնորհքությունից, սարսափում էր ամենափոքր ստորությունից»,-նշեց Նելլի Սարգսյանը:

Քանդակագործ Մկրտիչ Մազմանյանը Սոս Սարգսյանի մահարձանի ստեղծման վրա աշխատել է երեք ամիս: «Ես արագ եմ աշխատում, բայց Սոս Սարգսյանը փոքր-ինչ ինձ «տանջեց», ինքն էր կարծես թելադրում, թե իրեն ինչպես քանդակեմ: Սոս Սարգսյանը տիեզերական մեծության մարդ էր»,- նշեց նա:

Հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը ծնվել է 1929թ. Ստեփանավան քաղաքում:1948թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան:1954թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը:Ինստիտուտնը ավարտելուց հետո գրեթե չորս տասնամյակ` 1954-1991թթ., աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում: 1991թ. հիմնադրել է «Համազգային» թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն էր մինչ կյանքի վերջը: 1997- 2000թթ. եղել է Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեկտորը:2008թ.` ՀՀ հանրային խորհրդի անդամ:Առաջին դերը թատրոնում «Դավիթ Կոպերֆիլդն» էր (1947թ.), հետագա կերտած դերերից են` Դոն Քիշոտը, Յագոն, Ջոն և Լիր արքաները, «Հացավանի» Մացակ ապերը, Սանիտայի թաղապետը և այլն:

Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, որոնցից են` «Նվագախմբի տղաները» (1960թ.)‚ «Տերն ու ծառան» (1962թ.), «Եռանկյունի»(1967թ.)‚ «Մենք ենք, մեր սարերը» (1969թ.), «Խաթաբալա» (1971թ.), «Նահապետ» (1977թ.)‚ «Ձորի Միրո» (1979թ.), «Գիքոր» (1982թ.), «Խնձորի այգին» (1985թ.):ՌԴ ռեժիսորների նկարահանած ֆիլմերում առավել հայտնի են նրա խաղացած Գիբարյանի (Տարկովսկի, «Սոլյարիս», 1972թ.), թափառիկ արտիստի (Վ. Բորտկո,«Առանց ընտանիքի», 1984թ.), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա. Պռոշկին, «Միխայլո Լոմոնոսով», 1986թ.) դերերը:Նրա մտավորականի կերպարը լավագույնս ներկայացված է անվանի ռեժիսոր Կիմ Բակշիի «Մատենադարան» վավերագրական ֆիլմաշարում:Ստեղծագործել է նաև որպես բեմադրիչ և ունի թե՛ թատերական, թե՛ կինոբեմադրությունների հաջողված փորձեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում