Տնտեսություն

«Արենի» Գինու փառատոնը հետաքրքիր ժամանց է խոստանում զբոսաշրջիկներին

4 րոպեի ընթերցում

«Արենի» Գինու փառատոնը հետաքրքիր  ժամանց է խոստանում զբոսաշրջիկներին

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արենի գինու փառատոնն այս տարի ընդլայնել է իր շրջանակը և հետաքրքիր առաջարկներ պատրաստել զբոսաշրջիկների համար: Փառատոնն այս տարի կանցկացվի ոչ միայն Արենի, այլ նաև գինեգործական ավանդույթներ ունեցող Մալիշկա, Ռինդ և Եղեգնաձոր համայնքներում:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը տեղեկացրեց, որ փառատոնի օրերին նախատեսվում են տարատեսակ միջոցառումներ, որոնք զբոսաշրջիկներին հնարավորություն կտան մարզում անցկացնել մի քանի օր, համայնքներում մասնակցել տարբեր միջոցառումների` վայելելով այդ համայնքների բերքն ու բարիքը: «Այս տարի տուրօպերատորները նաև առաջարկներ են մշակել սոցիալական փաթեթներից օգտվողների համար: Տուր-փաթեթով Վայոց ձոր այցելող զբոսաշրջիկները կկարողանան փառատոնային բոլոր օրերին մասնակից դառնալ տարաբնույթ միջոցառումների` միևնույն ժամանակ իրենց հանգիստն անցկաացնելով վայոցձորյան հյուրատներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա: Ապրեսանը նշեց, որ փառատոնների անցկացումը տարբեր համայնքներում թույլ է տալիս ապակենտրոնացնել զբոսաշրջությունը Երևանից և զարգացնել նաև Հայաստանի մարզերում:

«Արենի» փառատոն-հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանի խոսքով`այս տարի փառատոնը կտեղափոխվի նաև Գյումրի, որտեղ հոկտեմբերի 5-ին կանցկացվեն «Արհեստի և արվեստի փառատոնը» և «Հացի փառատոնը», ինչպես նաև կնշվի քաղաքի օրը: «Այս բոլոր փառատոնները նպատակ ունեն ցույց տալ Հայաստանը տարբեր կողմերից: Կարևոր է նաև այն, որ մարդիկ ընտանիքներով են գալիս փառատոններին և կարողանում են լավ ժամանակ անցկացնել: Բացի այդ, տուրօպերատորները ևս իրենց տուրերում ներգրավում են նաև այս փառատոնը, որն ավելի է ընդլայնում հյուրերի շրջանակը»,- ասաց նա: Մանուկյանը նշեց, որ փառատոնի անցկացման համար պետությունը տրամադրում է 1,5 մլն դրամ համաֆինանսավորում, որն ուղղվում է կազմակերպչական ծախսերը հոգալու նպատակին:

Փառատոնի կազմակերպիչը նշեց, որ եթե երեք տարի շարունակ իրենք էին համոզում գինեգործներին, որ մասնակցեն փառատոնին, ապա ներկայումս նրանք են շահագրգռված իրենց մասնակցությամբ: «Այս տարի նրանց մասնակցությամբ կանցկացվի «Ոսկե տակառիկ» մրցույթը: Մրցույթի երկու անվանակարգերն են` «Լավագույն կարմիր անապակ գինի» և «Լավագույն սպիտակ գինի»: ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Գերմանիայից ժամանած մասնագետները համտեսից հետո կորոշեն հաղթողին, ապա նաև վարպետության դաս կանցկացնեն նրանց համար»,- ասաց նա:

Արենի գինու6-րդավանդական փառատոնը կանցկացվի հոկտեմբերի1-5-ը Վայոց Ձորի գինեգործական հինգ համայնքներում: Հոկտեմբերի1-ին Մալիշկա համայնքում անցկացվելու է«Համայնքի օր»միջոցառումը,որտեղ տեղի կունենա տնական օղիների փառատոն-ցուցադրություն-համտես:Հոկտեմբերի2-ին Ելփինում և3-ին Ռինդում կայանալիք«Համայնքի օր»տոնական միջոցառումների շրջանակներում կանցկացվի տնական գինիների փառատոն: Հոկտեմբերի4-ին Արենիում տեղի կունենա Արենի գինու ավանդական փառատոն`գործարանային արտադրության գինիների փառատոն-ցուցահանդեսով և գինու պատրաստման գործընթացի ցուցադրությամբ, գեղարվեստական համարների կատարումներով: 2014թվականի տոնական միջոցառումների հնգօրյակը կեզրափակվի հոկտեմբերի5-ին,Եղեգնաձոր քաղաքում,վայոցձորյան«Բերքի տոն»-ով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում