Կարծիքներ

Հայ-իրանական հարաբերությունները կարող են շահել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից

3 րոպեի ընթերցում

Հայ-իրանական հարաբերությունները կարող են շահել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը կարող է նոր լիցք հաղորդել հայ-իրանական հարաբերություններին։ «Հայաստանը սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը և կարող է տարանցիկ երկրի դեր ստանձնել Եվրասիական տնտեսական միության համար ու հետագայում դրանից օգուտներ քաղել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի իրանագիտության բաժնի գիտաշխատող Մհեր Բաղդասարյանը և հավելեց, որ Ռուսաստանին, իհարկե, ավելի հարմար կլինի Ադրբեջանին օգտագործել որպես միջնորդ երկիր, սակայն այնտեղ առկա է ներքաղաքական պայթունավտանգ իրավիճակ և այդ պարագայում Ադրբեջանի հետ հույսեր կապելը հեռանկարային չէ, իսկ Վրաստանի հետ հարաբերությունները Ռուսաստանի հետ դեպի լավը գնալու միտումներ ունեն, որը նաև Հայաստանի շահերից է բխում։ «Պետք է չմոռանանք, որ հետագայում Աբխազիայի միջով անցնող երկաթգծի վերագործարկումը Ռուսաստանին կշահագրգռի ավելի մեծ ներգրավվածություն ունենալ նախագծվող Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման գործընթացում։ Բացի այդ, ժամանակին Չինաստանն էլ ակնարկել է, որ պատրաստ է աջակցել Իրան-Հայաստան երկաթգծի նախագծին, քանի որ նպատակ ունի վերականգնել մետաքսի ճանապարհը դեպի Արևմուտք»,- պարզաբանեց արևելագետը։

Բանախոսը նշեց, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը միանգամայն բխում է մեր շահերից։ «Ես հույս ունեմ, որ ամեն դեպքում Հայաստանը որոշ կետերով չի զոհի իր հարաբերությունները Իրանի հետ, քանի որ մենք Իրանի հետ ունենք որոշակի ծրագրեր, օրինակ՝ Իրանի և Հայաստանի սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծումը»,-ասաց փորձագետը և հավելեց, որ այս ու շատ այլ հարցերի պատասխանը կստանանք առաջիկայում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցի ժամանակ, որի կոնկրետ ժամկետը դեռ հայտնի չէ։

Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը, ըստ փորձագիտական գնահատականների, կարժենա 2-4 միլիարդ դոլար։ Եվ Հայաստանի իշխանությունները, եւ «Հարավկովկասյան երկաթուղու» ներկայացուցիչները մի շարք առիթներովհայտարարել են, որ ծրագրի ֆինանսավորման աղբյուրները որոշելու համար բանակցություններ են վարվում տարբեր երկրների, դոնոր կազմակերպությունների հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում