«Կոմիտասյան օրեր» փառատոնը կարժևորի անվանի արվեստագետի թողած ժառանգությունը

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կոմիտասի 145-րդ հոբելյանը կնշանավորվի մի շարք իրադարձությունների անցկացմամբ: Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը Հայաստանում կանցկացվի «Կոմիտասյան օրեր» փառատոնը:Փառատոնի շրջանակում կներկայացվի Կոմիտասի ժառանգությունը իր բոլոր շերտերով: Կկազմակերպվեն երգչախմբային, վոկալ և դաշնամուրային երաժշտության 5 համերգներ: Իրադարձության կազմակերպիչներն են Կամերային երաժշտության ազգային և Հայ հոգևոր երաժշտության կենտրոնները:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, «Կոմիտասյան օրեր» փառատոնին նվիրված ասուլիսի ընթացքում նշեց, որ դժվար է գերագնահատել Կոմիտասի դերը երաժշտության զարգացման գործում:

«Մշակույթի նախարարության այս տարվա ամենակարևոր իրադարձությունը «Կոմիտաս-145» հոբելյանն է: Կանցկացվեն բազմաբնույթ միջոցառումներ: Մասնավորապես՝ կներկայացվի Կոմիտասի մասին պատմող ֆիլմ, կկազմակերպվեն գիտաժողով, մի շարք համերգներ: Իրադարձությունները կամփոփվեն տարեվերջին՝ մեծ համերգով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արթուր Պողոսյանը:

Փառատոնի կազմակերպիչ, Կամերային երաժշտության ազգային և հայ հոգևոր երաժշտության կենտրոնների գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը, խոսելով «Կոմիտասյան օրեր» փառատոնի մասին, նշեց, որ փառատոնի անցկացման համար ընտրվել է վարդապետի ծննդյան օրը՝ հին և նոր տոմարներով:

Կոմիտասյան օրերի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 26-ին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: Մտավորականները և երաժշտասեր հասարակությունը հարգանքի տուրք կմատուցեն մեծ կոմպոզիտորի շիրմին: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, իսկ հոկտեմբերի 2-ին, 4-ին, 7-ին և 8-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվեն մի շարք համերգներ:

Փառատոնին մասնակցում են Հայաստանի պետական կամերային երգչախմբերը և «Գեղարդ» երգեցիկ խումբը՝ Ռոբերտ Մլքեյանի, Սոնա Հովհաննիսյանի, Հարություն Թոփիկյանի և Մհեր Նավոյանի ղեկավարությամբ: Որպես մենակատարներ հանդես կգան դաշնակահարներ Արմեն Բաբախանյանը, Կարինե Օհանյանը, Անդրեյ Կուրբետը, մեներգիչներ Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Լուիզա Երեմյանը (սոպրանո), Անահիտ Պապայանը (սոպրանո), նվագակցող՝ Արմեն Աղաջանյան (դաշնամուր):

«Փառատոնն իր առջև նպատակ է դրել ներկայացնել Կոմիտասին այնպիսին, ինչպիսին որ կա: Այս օրերին հնչելու են միայն կոմիտասյան բնագրեր: Փառատոնի ընթացքում հանդես կգան տարբեր կոլեկտիվներ»,- նշեց Մհեր Նավոյանը:

Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյաննն էլ ցավով նշեց, որ այն գոհարը , որ Կոմիտասն է ստեղծել , հաճախ աղավաղվում է: «Մենք ամեն տարի պետք է նշենք Կոմիտասի ծննդյան օրը»,-համոզված է նա:

Նկատի ունենալով Կոմիտասի ժառանգության հսկայական ազդեցությունը հայ երաժշտարվեստի զարգացման ասպարեզում՝ 2014 թ. ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ծրագրերում Կոմիտասի ծննդյան 145-ամյա հոբելյանի նշումը և կոմիտասյան ժառանգության հանրահռչակումը ՀՀ կառավարության 2014 թ. հունվարի 9-ի N 10-Ն որոշման համաձայն ընդունել է որպես գերակա ուղղություն:Այդ կապակցությամբ նախարարությունը իրականացրել և իրականացնում է բազմաբնույթ հոբելյանական միջոցառումներ, որոնց նախապատրաստական աշխատանքներն սկսվել են դեռ2012 թվականից, երբ ՀՀ նախագահի նախաձեռնությամբ և «Փյունիկ» հիմնադրամի ֆինանսավորմամբ հիմք դրվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կառուցմանը:

Ընթացիկ տարում տպագրվել էԳևորգ Գյոդակյանի «Կոմիտաս» գիտական ուսումնասիրությունը՝ անգլերեն թարգմանությամբ, ընթացքում է Արթուր Շահնազարյանի` Կոմիտասին նվիրված գիտահանրամատչելի վեպի ստեղծումը:Մինչև տարեվերջ «Սոնի» ձայնագրման ստուդիայում կտպագրվի նաև «Կոմիտաս» անթոլոգիան,որը պարունակում է Կոմիտասի ողջ ստեղծագործական ժառանգությունը՝ Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում պահպանված և ժամանակակից կոլեկտիվների ձայնագրություններով, մուլտիմեդիա սկավառակով (առաջաբանը՝ Գ. Գյոդակյանի):

2014 թվականին Կամիտասի հոբելյանը նշանավորվել է նաև երաժշտական նախագծերով: Մարտի 25-ից մայիսի 3-ը անցկացվել է «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի 7-րդ հանրապետական մրցույթը, որին մասնակցել են շուրջ 80 մանկապատանեկան երգչախմբեր՝ Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից (66-ը՝ ՀՀ մարզերից և Արցախից): Մրցույթի շրջանակում 300 օրինակ տպաքանակով հրատարակվել և փառատոնի ընթացքում մասնակից խմբերին, այնուհետև Երևանի, մարզերի և Արցախի երաժշտական, արվեստի և հանրակրթական դպրոցներին է հանձնվելԿոմիտասի «Մանկական խմբերգեր» ժողովածուն:

Ապրիլի 10-22-ը Գյումրիում կայացել է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը, որին մասնակցել են շուրջ 3027 երաժիշտներ, 743-ը՝ 35 երկրներից: Համաձայն փառատոնի կանոնակարգի՝ մասնակիցները 14 անվանակարգերում հանդես են եկել Կոմիտասի ստեղծագործությունների կատարումներով:

Հանրապետության հեղինակավոր երաժշտական խմբեր և երաժիշտ-կատարողներ տարբեր ժանրերում, կոմիտասյան ծրագրով հանդես են եկել ոչ միայն Երևանում, այլև ՀՀ մարզերում: Համերգային ծրագրերը կշարունակվեն մինչև տարեվերջ:

Նախատեսվում է ամբողջ տարվա ընթացքում անցկացնել Կոմիտասի հոբելյանին նվիրված միջոցառումներ: Սեպտեմբերի 29-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Հայկ» կինոստուդիայի նկարահանած «Կոմիտասյան համանվագ անլռելի» փաստավավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Դեկտեմբերին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Էդ. Հովհաննիսյանի «Անտունի» բալետի համերգային կատարումը:

Հոբելյանական տարին կամփոփվի դեկտեմբերի 8-ինԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ Երգչախմբային արվեստի միջազգային օրվա կապակցությամբ կայանալիք համերգով: 2015 թվականին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կանցկացվի Կոմիտասին նվիրված միջազգային գիտաժողով, կստեղծվի «Վարդապետի լռությունը» խաղարկային ֆիլմը, որն արծարծում է նաև Հայոց ցեղասպանության հարցը:

Հայերեն Русский

Համընդհանուր հայտարարագրման համակարգը որևէ պարագայում չի կարող լրացուցիչ ֆինանսական բեռ ստեղծել սոցիալապես խոցելի խավերի համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Երևանը՝ տարվա զբոսաշրջային անակնկալ. հունական զբոսաշրջային ամսագիրը ծավալուն նյութ է հրապարակել Հայաստանի մասին

Մոսկվայի հոսթելներից մեկում բռնկված խոշոր հրդեհի պատճառով 300 մարդ է տարհանվել

ՀՀ ԱԱԾ-ն հերքել է տարածվող տեղեկատվությունը, թե Հանրապետության հրապարակում ադրբեջանցիներ են եղել

Թրամփը հայտարարել է Սիրիայից զորքերի դուրսբերման հնարավորության մասին

Տրանսպորտի սակագների վերաբերյալ Երևանի ավագանու նիստն ընդմիջվեց. վեճ և իրարանցում սկսվեց

Լարված իրավիճակ ավագանու արտահերթ նիստում

Թրամփը ԲՐԻԿՍ-ի անդամներին սպառնացել է 100% մաքսատուրքերով, եթե նրանք հրաժարվեն ԱՄՆ դոլարից

Թրամփը Վաշինգտոնում ավիավթարի մեջ մեղադրել է նախկին վարչակազմին