«Նոր գիրք»-9. Ուշագրավ, հետաքրքիր, յուրահատուկ գրքեր

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ձեզ ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ձեր դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Կտրվեք աշխատանքային առօրյայից և ազատ ժամանակը դարձրեք տոն գրքի միջոցով: Գրքերը կարող եք ընտրել հենց մեր ցանկերից:

Այս շաբաթ«Արմենպրես»-ը կրկին առանձնացրել է տարբեր հրատարակչությունների նոր հրատարակած և հանրության դատին հանձնած չորս ուշագրավ գրքեր՝ չորս խորագրերի ներքո:

Հայ դասական գրականություն

Դերենիկ Դեմիրճյան, «Երկեր»

«Իմ գրադարանը» մատենաշարով լույս է տեսել Դերենիկ Դեմիրճյանի ստեղծագործությունների ժողովածուն: Նրա բոլոր ստեղծագործություններում նկատելի է մարդկային կյանքի անարդարությունների պատճառը վեր հանելու, պարզաբանելու գրողի ձգտումը: Դեմիրճյանի բոլոր հերոսները հոգեբանական կերպարներ են, որոնց միջոցով նա կարողանում է ներկայացնել մարդկային փոխհարաբերությունները` լավ ու վատ դրսևորումներով, ինչպես նաև արտահայտում է իր հումանիստական սկզբունքները: Դեմիրճյանը ստեղծագործել է գրական բոլոր ժանրերով, սակայն ավելի ճանաչված է արձակ գործերով և դրամատուրգիայով: Կազմող՝ Նվեր Վիրաբյան: Գիրքը բաղկացած է 236 թեէջից: Այն հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

Ժամանակակից գրականություն

Հովհաննես Աղաջանյան, «Հեղափոխական դար»

«Հեղափոխական դար» ընդհանուր վերնագիրն ունեցող գրքում ամփոփված են «Վերջին դարը», «Ողջերն ու մեռածները», «Վասակ և Վարդան», «Մեծ քննությունը» դրամաները և «Հեղափոխական դար» վեպը: «Վերջին դարը» դրամայի հերոսները սպասվող էկոլոգիական աղետի վերաբերյալ իրենց մտորումներով մարդկությանը սթափության կոչ են անում: «Ողջերն ու մեռածները» դրամայում արծարծվում են ցեղասպանության և հայ ժողովրդի հերոսական պայքարի թեմաները:

​ «Վասակ և Վարդան» դրաման 5-րդ դարի պատմական իրադարձությունների մասին է, հեղինակը փորձում է բացահայտել Վարդանի և Վասակի հակասական կերպարները: Ստեղծագործությունը քրիստոնեության և դիվանագիտության շուրջ բանավեճով հյուսված դրամատիկական պատում է: «Մեծ քննությունը» այս դրամայի մի փոքրիկ դրվագն է, ուր ներկայացված է չարի ու բարու պայքարը: «Մեծ քննությունը» կապող օղակ է «Վասակ և Վարդան»-ի և «Հեղափոխական դար» վեպի միջև: Գիրքը բաղկացած է 416 էջից: Այն հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

Թարգմանական գրականություն

Արի Տուրունեն, «Ինչ է, չգիտե՞ք՝ ես ով եմ»

Փորձագրությունը հետաքրքիր ոճով ու հատկանշական փաստերով վեր է հանում բոլոր այն աղետները, ճգնաժամերը, տնտեսական ու քաղաքական վայրիվերո զարգացումները, որոնք տեղի են ունեցել մարդկության պատմության մեջ՝ ղեկավար դիրք ունեցող անհատների գոռոզամտության պատճառով: Գիրքը ֆիններենից թարգմանել է Սվետլանա Հագերտը: Այն բաղկացած է 264 էջից, հրատարակել է «Անտարես»-ը:

Մանկական գրականություն

«Աշխարհի իմաստուն հեքիաթներ»

Հեքիաթների այս ժողովածուում ընդգրկված են աշխարհի ժողովուրդների և հեղինակային քառասուն ընտիր հեքիաթներ, որոնցից շատերը հայերեն են թարգմանվել առաջին անգամ: Գիրքը նախատեսված է թե՛ փոքրերի, թե՛մեծերի համար, քանի որ մարդ յուրաքանչյուր տարիքում կարիք ունի յուրովի բացահայտելու իմաստնության աշխարհը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնարավորություն է տալիս հայտնաբերել իմաստնության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը: Ուսուցանելով մարդկային այնպիսի առաքինություններ, ինչպիսիք են աշխատասիրությունը, արժանապատվությունը, ազնվությունը, հավատարմությունը, կամեցողությունը, հաստատակամությունը, հարգանքը մեծերի հանդեպ և այլն՝ հեքիաթները ոչ միայն կարևորում են դրանք, այլև ցույց են տալիս դրանցով ապրելու, պայքարելու, արարելու և հիմնավոր հաջողության հասնելու ուղիները: Խմբագիր՝ Գալյա Հովհաննիսյան: Կազմող՝ Շավարշ Կարապետյան: Գիրքը բաղկացած է 224 էջից: Այն հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում