ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ձեզ ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ձեր դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Ցանկացած ազատ րոպե հնարավոր է տոն դարձնել և գիրք կարդալ: Գրքերը կարող եք ընտրել հենց մեր ցանկերից:
Այս շաբաթ «Արմենպրես»-ը կրկին առանձնացրել է տարբեր հրատարակչությունների նոր հրատարակած և հանրության դատին հանձնած չորս ուշագրավ գրքեր՝ չորս խորագրերի ներքո:
Հայ դասական գրականություն
Ալեքսանդր Շիրվանզադե, երկեր
«Իմ գրադարանը» մատենաշարով լույս է տեսնում Ալեքսանդր Շիրվանզադեի 2-րդ հատորը, որում ընդգրկված են «Պատվի համար», «Մորգանի խնամին», «Արտիստը» ստեղծագործությունները: Շիրվանզադեն բացառիկ դեր է խաղացել հայ դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ: Նա ընդլայնել է դրամատուրգիայի ժանրային սահմանները, ստեղծել է կենցաղային, սոցիալական, հոգեբանական և քաղաքական դրամաներ: «Արտիստը» վիպակում Շիրվանզադեն կերտել է մի գեղեցիկ կերպար՝ պատանի Լևոնին, և ցույց է տվել, թե ինչ ողբերգություն է ապրում գեղեցիկի տարերքով շնչող պատանին: Կազմել է Նվեր Վիրաբյանը: Գիրքը բաղկացած է 260 էջից: Այն հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:
Ժամանակակից գրականություն
Սարգիս Դարչինյան, «Թիֆլիս. հայկական ճեպանկարներ»
Գիրքը ներկայացնում է Թիֆլիսի հայկական իրականությունն ամենատարբեր դրսևորումներով՝ հայերի կառուցած թաղամասերով ու տներով, արվեստի օջախներով ու խանութներով: Առանձին պատումների կենտրոնական դեմքը հայ աշխատավոր մարդն է, գրողը, արվեստագետը, վաճառականը և բոլոր նրանք, ովքեր պատկերում էին Թիֆլիսի հայկական դիմագիծը: Հեղինակի պատումները շատ խոր ասելիք ու նուրբ ենթատեքստեր ունեն: Գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար: Գիրքը բաղկացած է 192 էջից: Այն հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:
Թարգմանական գրականություն
Յուլյա Ֆրանկ, «Միջօրեի տիկինը»
Վեպում գլխավոր հերոսուհին ու նրա մայրը իրենց շրջապատում օտար են, նրանք հրաժարվել են ազգությունից ու հավատից, ապրում են կեղծ ինքնությամբ: Ճակատագրի դեմ պայքարում նրանք ձախողվում են ու ժամանակի ընթացքում կորցնում խոսելու ունակությունը: Վերապրելու համար նրանք սովորում են լռել, որի հետևանքով էլ օտարանում և ուրանում են իրենց երեխաներին: Գերմաներենից թարգմանել է Գայանե Գինոյանը: Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան: Գիրքը բաղկացած է 456 էջից: Այն հրատարակել է «Անտարես»-ը:
Մանկական գրականություն
Ռոալդ Դալ, «Չարլին և շոկոլադի գործարանը»
Անգլիացի գրող Ռոալդ Դալի այս հանրահայտ հեքիաթ-վիպակը պատմում է Չարլի անունով փոքրիկ տղայի և նրա ընկերների հետաքրքիր արկածների մասին, որոնք տեղի են ունենում պարոն Վոնկի շոկոլադի կախարդական ֆաբրիկայում: Անգլերենից թարգմանել է Հասմիկ Սարիբեկյանը: Խմբագիր՝ Հրաչյա Սարիբեկյան: Նկարիչ՝ Անահիտ Մարգարյան: Գիրքը բաղկացած է 144 էջից: Այն հրատարակել է «Անտարես»-ը:
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը