Հասարակական

Խաչվերացն այս տարի նշվում է սեպտեմբերի 14-ին

2 րոպեի ընթերցում

Խաչվերացն այս տարի նշվում է սեպտեմբերի 14-ին

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին սեպտեմբերի 14-ին նշում է Խաչվերացը՝ հինգերորդ տաղավար տոնը: Այն Սուրբ Խաչին նվիրված չորս տոներից մեծագույնն է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից, հայոց եկեղեցու ծիսակարգով տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիներին բոլոր եկեղեցիներում մատուցվում է Մեռելոց հիշատակի Սուրբ պատարագ:

ՀՀ կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում բոլոր հինգ տաղավար տոներին հաջորդող օրերը հայտարարված են ոչ աշխատանքային:

Խաչվերացը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայ եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ը հանդիպող կիրակի: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման: Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: Խաչը հնում եղել է չարչարանքի գործիք: Երբ Հիսուս խաչվեց` այդ նույն խաչափայտը դադարեց չարչարանքի գործիք լինելուց: Խաչը դարձավ փրկության միջոց, Քրիստոսի սիրո արտահայտությունը, քանզի սիրել` նշանակում է նաև զոհաբերություն, զրկանք հանձն առնել:

Ժողովուրդը Խաչվերացին կատարում է անթիվ ուխտագնացություններ: Որոշ բնակավայրերում մարդիկ իրենց ձեռքերով խաչեր են պատրաստում և զարդարում գույնզգույն ծաղիկներով, հատկապես ռեհանով: Ժողովուրդը ռեհանն է համարում խաչի ծաղիկ: Ընդհանուր առմամբ` Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը, կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն՝ ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքն է, առանց որի տոնը լիարժեք չի կարող լինել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում