«Ականատեսը». Ապրում էին Կարսում, ինչպես դրախտում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում և նրա սահմաններից դուրս հանրության լայն շրջանակների ուշադրությունը գրաված «Արմենպրես» լրատվական գործակալության արդեն մեկ ու կես տարվա կենսագրություն ունեցող «Ականատեսը» հատուկ նախագիծը կարճատև դադարից հետո վերսկսում է իր ընթացքը` այս անգամ ներկայանալով հավատարիմ ընթերցողին Հայոց ցեղասպանության` Հայաստանի տարածքում բնակվող վերջին ականատես-վերապրողների պատմություններով:

Նախագծի հերոսուհին 1915 թվականին Կարսում ծնված Մարգարիտ Մխիթարյանն է: Նա, ինչպես ինքն է բնորոշում, Կարսի կողքի գյուղից է, որի անունը չի հիշում: Ջարդերը սկսվելուն պես ծնողները վերցնում են նրան և եղբորը` գաղթելով Արևելյան Հայաստան: Մարգարիտն այդ ժամանակ ընդամենը մի քանի ամսական էր, եղբայրը երեք տարեկան` «բաց գույնի մազերով»: Նա մորից է լսել, որ եղբոր շեկ լինելու պատճառով դեմքին մուր են քսել, որ թուրքերը չտանեն իրենց հետ: Կարսից պատմության հերոսուհու վերհուշը հարուստ չէ: Հիշողության մեջ դաջվել է տեղի ժողովրդի շրջանում հայտնի, իրեն էլ մորից փոխանցված աղոթք, որն առ այսօր հիշում է:

...Ճրագ, ճրագ, ճշմարիտ, Ճշմարխոտիկ Մարտիրոս,

Իմ սիրելի Քրիստոս, Քրիստոս հեծավ ձին ու ջորին,

Գնաց արդար վեր քաղաք,

Բերեց լուսեղեն պսակ:

Տունը կար` երկաթ էր,

Բոլորը վեր պողպատ էր:

Սուրբ Հռիփսիմեն քնած էր,

Սուրբ Կարապետն արթուն էր,

Մասիսը վեր պռնկին էր,

Քաջ գավազան դռան փակ էր,

Թազա հացի հոտն ընկավ,

Հելեք, տեսեք` ով եկավ ...

«Կարսն իրենց համար դրախտային երկրր է եղել: Իրենք շատ լավ են ապրել այնտեղ, հարուստ են եղել»,- պատմում է հերոսուհու աղջիկը` Գայանեն: Նրա խոսքով` մայրը, թեև կրթություն չի ստացել, սակայն հմուտ դերձակ է: Հագուստ, թե կարպետ նա կարողացել է վարպետորեն պատրաստել: «Մարդուն մեկ հայացք նետելը բավական էր, որ կարողանար նրան համապատասխան հագուստ կարել»,-հավաստիացնում է դուստրը: Նրա խոսքով` ինչպես շատ գաղթականների, այնպես էլ իր մոր անցած ուղին դժվարություններով լեցուն է եղել:

Պատմական տեղեկանք

Կարս (նաև՝Ղարս), քաղաքԹուրքիայի Հանրապետությանարևելյան մասում՝ պատմականԱրևմտյան Հայաստանում,Կարսի նահանգիմայրաքաղաքն է։ 1918 թ-ի ապրիլի 25-ին Անդրկովկասյան սեյմը լավ զինված կայազոր ունեցող Կարսն առանց կռվի հանձնել է թուրքերին. 1919 թ-ի մայիսին քաղաքն անցել է Հայաստանի առաջին հանրապետությանը (1918–20 թթ.): Կարճ ժամանակամիջոցում վերադարձել են բազմաթիվ հայեր, սակայն 1920 թ-ի հոկտեմբերի 30-ին քեմալական զորքերը, կրկին առանց դիմադրության, գրավել են Կարսը եւ կոտորել 8 հազար հայի: 1921 թ-ի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով Կարսը հանձնվել է Թուրքիային: Ներկայումս Կարսը ունի 54 հազ. բնակիչ։ Նա մնացել է գավառական հետամնաց քաղաք և իր տնտեսությամբ ու մշակույթով, և արտաքին տեսքով։Կարսի պատմաճարտարապետական հուշարձաններից ամենաարժեքավորը Մայր եկեղեցին է (X դար): Կարսում են ծնվել հայ մշակույթի ու գիտության մի շարք երախտավորներ, այդ թվում՝ բանաստեղծ Եղիշե Չարենցը:

Նախագծի ստեղծագործական խումբը Մարգարիտ Մխիրաթյանի պատմությունը հավաքագրել է մայիսին: Հենց այս ժամանակահատվածը ցեղասպանության ականատեսն ասոցացնում է իր ծննդյան հետ: «Տատիկս իր ծննդյան օրն ու ամիսը հստակ չգիտի, ասում է ծնվել եմ մայիսի վերջին` ծաղկունքին»,- ասում է Մարգարիտի թոռնիկը` Մարիամը:

Նա բնակվում է Մոսկվայում, բայց երբեք առիթը բաց չի թողնում տարվա ընթացքում գոնե մեկ անգամ Երևան գալու` տատիկին տեսնելու համար: «Ամեն անգամ, երբ գալիս եմ, ասում եմ գոնե այս անգամ էլ տեսնեմ տատիկիս»,- անկեղծանում է թոռնուհին, ով տատիկին բնութագրում է որպես ուժեղ, խելացի և բարի կին:

Մարգարիտն ունի ութ երեխա: Նրանցից հինգն են այժմ կենդանի: Ամուսինն արմատներով Վանից է եղել: Ականատեսն օրվա մեծ մասն անցկացնում է անկողնում: Մտածկոտ հայացքով է նայում դիմացինին, տարիքը չմատնող գեղեցիկ ձեռքերը նրբորեն գլխի տակ դրած: Ծերունական տարբեր խնդիրներ ունեցող, բայց իր տարիքի համեմատ ֆիզիկապես առողջ կինը 2015 թ. գարնանը կդառնա 100 տարեկան: Նա մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայի տարածքում տեղի ունեցած ոճրագործության հասակակիցն է:

«Ականատեսը» հատուկ նախագծի ստեղծագործական խումբը երևանյան շարքի առաջին մասն ամփոփել էր դեռ 2014 թ. հուլիսին:

Մարգարիտ Մխիթարյանի հետ մեզ չէր հաջողվել կապ հաստատել իր բնակության վայրի` փողոցի (Կորեական-Ադանա) անվանափոխության պատճառով: Ականատեսին գտնելու հարցում մեզ աջակցելու համար շնորհակալություն ենք հայտնում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմիսոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանին:

Հեղինակ Տաթևիկ Գրիգորյան

Լուսանկարները` Արևիկ Գրիգորյանի

Հայերեն English Русский

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին