Տնտեսություն

Որակյալ մասնագետները տուրիզմի զարգացման հիմնասյունն են

3 րոպեի ընթերցում

Որակյալ մասնագետները տուրիզմի զարգացման հիմնասյունն են

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տուրիզմի ոլորտում որակյալ, բանիմաց և ամենակարևորը հայրենասեր մասնագետների առկայությունը Հայաստանում տուրիզմի զարգացման գլխավոր նախադրյալներից մեկն է։ «Զարգանում են նոր տեխնոլոգիաներ, ժամանակները փոխվել են, հետևապես փոխվել են նաև տուրիստի մտածելակերպը, մոտեցումները և ցանկությունները։ Մեր օրերում առանց պատշաճ մասնագիտական կրթության, հնարավոր չէ տուրիզմ իրականացնել, առավել ևս զարգացնել այն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 11-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի կարծիք հայտնեց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը։

Բանախոսը նշեց, որ երկրում կան լավ պատրաստված, պրոֆեսիոնալ գիդեր, որոնք գերազանց ներկայացնում են մեր երկիրը, սակայն կան մարդիկ, որոնք չունեն համապատասխան կրթություն, բայց նույնպես զբաղվում են այդ գործով։ «Մեր օրերում գիդին ես նմանեցնում են սահմանում կանգնած զինվորի հետ, նա պետք է լինի իր գործի նվիրյալ, քանի որ նրանից է կախված, թե ինչպիսի պատկերացում կկազմեն մեր երկրի մասին տուրիստները։ Դա կարևոր է, որովհետև լավ տպավորություններ ստանալով, նրանք կցանկանան կրկին այցելել Հայաստան՝ իրենց հետ բերելով նոր տուրիստների»,- ասաց Մինասյանը։

Փորձագետը նշեց, որ կան բավականին քանակությամբ կրթահամալիրներ, որոնք զբաղվում են տուրիզմի ոլորտի համար կադրեր պատրաստելով, սակայն չկա տեղեկություն, թե հետագայում այդ կրթօջախների շրջանավարտներից քանի տոկոսն է աշխատում ոլորտում։ Մինասյանը առաջարկում է կառավարությանն առընթեր ստեղծվել մի խորհուրդ, որն օժտված լինի իրավունքներով և վերահսկի տուրիզմի ոլորտում մասնագետներ պատրաստող ինստիտուտներին։ «Եթե տվյալ հաստատության շրջանավարտները չեն աշխատում ոլորտում, ապա խորհուրդը կարող է առաջարկել փոխել ուսումնական ծրագիրը և մասնագետներին։ Այդ փոփոխություններից հետո էլ, եթե դրական տեղաշարժ չլինի, խորհուրդը կարող է զրկել տվյալ հաստատությանը տուրիզմի ոլորտի մասնագետներ պատրաստելու իրավունքից»,- հավելեց նա։

2014 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 495 հազար 957 զբոսաշրջիկ: Առաջին վեց ամսվա արդյունքները գոհացուցիչ են. 17, 3 տոկոս աճ է արձանագրվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում