Տարածաշրջանային

Դեւիդ Կրամերը Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կոչ է անում

3 րոպեի ընթերցում

Դեւիդ Կրամերը Ադրբեջանի դեմ       պատժամիջոցների կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում գտնվող Freedom House մարդու իրավունքների միջազգային կազմակերպության ղեկավար Դեւիդ Կրամերը Ադրբեջանում ստեղծված իրավիճակի հետ կապված «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների բնագավառում «զզվանք առաջացնող» իրավիճակ է ստեղծվել եւ կոչ արել այդ երկրի դեմ պատժամիջոցներ կիրառել:

Նա ասել է, որ այն դեպքում, երբ Ադրբեջանից բավականին քիչ թվով քաղբանտարկյալներ ունեցող Բելոռուսի եւ Ռուսաստանի դեմ Արեւմուտքը պատժամիջոցներ է կիրառում, ոչ մի տրամաբանության չի ենթարկվում այն, որ Ադրբեջանի դեմ մինչ այժմ որեւէ պատժամիջոց չի կիրառվել:

«Ադրբեջանում ազատ խոսքի եւ իրավապաշտպանների դեմ կատարվող ճնշումները, Իլհամ Ալիեւի վարած հետադիմական քաղաքականությունն այդ երկրին հեռացնում են ԱՄՆ-ի եւ Եվրոպայի որդեգրած արժեքներից, եւ արդեն հասել է ժամանակը, որպեսզի միջազգային հանրությունը պատժամիջոցներ կիրառի Բաքվի դեմ», -ասել է Կրամերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական «Ազադլըգ» թերթը Կրամերի այդ հայտարարությունը գնահատել է հետեւյալ կերպ. «Freedom House-ի ղեկավարն ազդարարել է Ալիեւի ռեժիմին լուրջ պատիժներ սպասելու մասին»:

«Ադրբեջանում գարշելի իրավիճակ է տիրում: Այդտեղ ձերբակալությունները շատանում են: Լեյլա Յունուսին անհրաժեշտ բժշկական ծառայություն չի ցուցաբերվում: Նրան ամուսնուց առանձին են պահում: Այս օրերին տեսանք Իլգար Նասիբովին գազանային ծեծի ենթարկելը: Հետո ձերբակալվեց Սեյմուր Հազին: Սա խիստ տգեղ իրավիճակ է: Ադրբեջանի կառավարությունն այս ճնշումները կյանքի կոչելու համար անարդարացիորեն օգտվում է անվտանգության փաստարկից: Ադրբեջանը վերածվում է Մագնիտսկու օրենքին արժանի թեկնածուի: Մենք պատժամիջոցներ ենք կիրառում Բելոռուսի եւ Ռուսաստանի դեմ, ինչու՞ պետք է Ադրբեջանի նկատմամբ տարբեր մոտեցում ցուցաբերվի: Միանգամայն աննպատակահարմար է, որ Ադրբեջանի նման երկիրը նախագահի Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում: Միջազգային հանրությունը, նկատի ունենալով Ադրբեջանում առկա իրավիճակը, չպետք է զիջողություններ կատարի Ալիեւի ռեժիմին», -ասել է Freedom House-ի ղեկավարը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում