Քաղաքականություն

ԱՄՆ պետդեպը Սարգսյան-Քերի-Ալիեւ հանդիպման վերաբերյալ հայտարարություն է տարածել

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետդեպը Սարգսյան-Քերի-Ալիեւ հանդիպման վերաբերյալ հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուելսի Նյուպորտ քաղաքում կայացած Սարգսյան-Քերի-Ալիև հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին խորը մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին բռնությունների առիթով և կոչ է արել կողմերին ավելի պաշտոնական բանակցային գործընթաց թևակոխել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է Միացյալ Նահանգների պետքարտուղարության տարածած պաշտոնական հաղորդագրությունում:

«ԱՄՆ պետքարտուղար Քերին Նյուպորտում` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերը: Նա խորը մտահոգությունն է հայտնել շփման գծում տեղի ունեցած վերջին բռնությունների առիթով, որոնք նշանավորեցին հակամարտության ամենաշատ զոհեր տված ժամանակաշրջանը 1994 թվականի զինադադարի հաստատումից ի վեր:

Միացյալ Նահանգները հավատում է, որ թշնամանքի դադարեցումը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը խաղաղություն և բարգավաճում կբերեն երկու երկրների ժողովուրդներին, կնպաստեն կայունության հաստատմանը Հարավային Կովկասում: Այս նպատակով, պետքարտուղար Քերին կոչ է արել նախագահներին խստորեն հարգել հրադադարը և լրացուցիչ քայլեր ձեռնարկել իրենց երկրների հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ: ԱՄՆ պետքարտուղարը նաև կոչ է արել երկու երկրների նախագահներին աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ովքեր հանձնառու են հիմնախնդրի խաղաղ և տևական կարգավորման նպատակով աջակցել կողմերին: Միաժամանակ` նա ողջունել է նախագահների պատրաստակամությունը` կարգավորման հիմնական տարրերի շուրջ երկխոսության շարունակականության հարցում:

Քերին հորդորել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո մտնել ավելի պաշտոնական բանակցային գործընթացի մեջ` այնպես, ինչպես առաջակել էր ԵԱՀԿ գործող նախագահող Շվեյցարիան: ԱՄՆ պետքարտուղարը վստահեցրել է, որ գործընթացի շարունակականությունը կհանգեցնի կողմերի միջև վստահության հաստատմանն ու խաղաղությանը, որին արժանի են տարածաշրջանի ժողովուրդները»,- հայտնում է ԱՄՆ պետդեպը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում