Հունաստանի խորհրդարանում ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կքվեարկվի շաբաթվա վերջին
3 րոպեի ընթերցում
![Հունաստանի խորհրդարանում ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կքվեարկվի շաբաթվա վերջին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/09/774839.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի խորհրդարանում քննարկման դրված Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի լրամշակված տարբերակն արժանացել է պատգամավորների մեծամասնության հավանությանը: «Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագիծը, որը պահանջում է Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրեաների, այլեւ հայերի եւ պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը, քվեարկության կդրվի ուրբաթ օրը` սեպտեմբերի 5-ին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Աթենքում հրապարակվող «Ազատ օր» պարբերականի գլխավոր խմբագիր Հռիփսիմե Հարությունյանն ասաց, որ սկբնական շրջանում քննարկվում էր օրինագիծը աշնանային նստաշրջան տեղափոխելու հարցը, սակայն խորհրդարանում ակտիվ քննարկումների արդյունքում վերջին պահին ընդունվել է օրինագծի լրամշակված տարբերակը:
«Օրինագծի լրամշակված տարբերակում Հունաստանի արդարադատության նախարարությունն էական բարելավումներ է կատարել եւ հատկապես կենտրոնացել Ցեղասպանության պարագայի վրա: Օրինագծով արգելվում է հերքել Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները: Արդարադատության նախարար Հարալամբոս Աթանասիուն իր ելույթում ասաց, որ օրինագիծն առաջին հերթին պաշտպանում է ժողովրդավարությունն ու պայքարում խտրականության եւ անհանդուրժողականության դեմ»,- ասաց Հռիփսիմե Հարությունյանը:
Վեց կետից բաղկացած օրենքի նախագիծը նախատեսում է դրամական խոշոր տուգանք և բանտարկություն այն անձանց նկատմամբ, ովքեր դիտավորյալ կստորացնեն, կնվաստացնեն և կժխտեն միջազգային դատարաններում և Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները, մարդկության դեմ կատարված հանցագործությունները:
Խորհրդարանի 101 պատգամավորներից 51-ի կողմ քվեարկելու պարագայում օրենքի նախագիծը կընդունվի:
Հարությունյանի գնահատմամբ, հայ համայնքի հետ հանդիպումների ժամանակ պարզվել է, որ խորհրդարանի մեծամասնությունը կողմ է օրենքի ընդունմանը: Օրենքի լրամշակված տարբերակի ընդունմանը խորհրդարանում առկա երկու կուսակցություն կողմ է քվեարկել, երկուսը` դեմ, եւս մեկ կուսակցություն` ձեռնպահ:
Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ ապրիլի 24-ը ճանաչել հիշատակի օր: Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Հունաստանի կառավարությունը 3 խոշոր քաղաքներում կազմակերպում է հիշատակի միջոցառումներ: