Հասարակական

Հոգևոր Հայաստանի 7 հրաշալիքները՝ փոքրիկ երկրի մեծ պատմության վկաներ

13 րոպեի ընթերցում

Հոգևոր Հայաստանի 7 հրաշալիքները՝ փոքրիկ երկրի մեծ պատմության վկաներ

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհում առաջինը քրիստոնեությունն իբրև պետական կրոն ընդունած երկրում՝ Հայաստանում, պետք չէ երկար քայլել նշվածի վկայությունները գտնելու համար։ Յուրաքանչյուր գյուղում և քաղաքում, յուրաքանչյուր ժայռի գագաթին և հինավուրց կիրճում կարելի է գտնել հայկական հոգևոր կենտրոններ։ Դրանցից շատերը գուցե կիսավեր, որոշներն էլ նոր վերանորոգված և բարեկարգված՝ իրենց մեջ կրում են հայ ազգի դարերի պատմությունը։ Քրիստոնեությունը Հայաստանում կրոն չէ. այն դարձել է հայի գենի մասնիկը։ Գուցե պատահական հանդիպած հայ մարդուց հնարավոր չլինի ճշտել քրիստոնեության ընդունման մանրամասներ, սակայն վստահ եղեք, նա ձեզ կպատմի իր գյուղի կամ քաղաքի մոտակայքում գտնվող եկեղեցու ստեղծման պատմությունը, որը կիսով չափ լեգենդ և կիսով չափ իրականություն է, սակայն ոչ պակաս արժեքավոր։ «Արմենպրես»առանձնացրել է հայկական 7 վանական համալիրներ, որոնք խոշորագույնն են երկրում։ Դրանք դարեր շարունակ եղել են ոչ միայն հոգևոր, այլև մշակութային և կրթական օջախներ։ Հայաստան ժամանած զբոսաշրջիկներն առաջինն այցելում են հենց այս համալիրները՝ ծանոթանալու փոքրիկ Հայաստանի մեծ պատմությանը։

Տաթեւ

Զանգեզուրի ճարտարապետական կոթողների մեջ Տաթեւի վանքը չունի իր համազորը: Այն միջնադարյան Հայաստանի ամենահարուստ վանական համալիրն է եղել և 8-րդ դարի վերջերից դարձել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: Բացի հոգեւոր կենտրոն լինելուց, Տաթեւը եղել է նաեւ Սյունաց թագավորության քաղաքական կարեւոր հենակետ: Վանքի ռազմավարական ձեռնտու դիրքը եւ անառիկությունը նպաստավոր պայմաններ են ստեղծել այստեղ պաշտպանական ամուր կառույցներ ստեղծելու համար: Տաթեւի վանքը գտնվում է Գորիս քաղաքից 20 կմ հարավ-արևմուտք Տաթև գյուղի մոտ: 906թ. կառուցվել է Պողոս Պետրոս մայր տաճարը, 1067թ. սբ Աստվածածին դամբարան-եկեղեցին, 1295թ. սբ Գրիգոր եկեղեցին, 1787թ. Գրիգոր Տաթևացու դամբարանը: Այս հիմնական կառույցներից բացի, 20-րդ դարի վերջում վանքի տարածքում և շրջակայքում այլ շինարարական և վերականգնողական աշխատանքներ են իրականացվել: Ներկայումս վանքը վերականգնված է և Սյունյաց թեմի կենտրոնն է: 1390-1435թթ. Տաթևի վանքում գործել է Տաթևի նշանավոր համալսարանը և մանրանկարչության ու գրչության դպրոցը: Վանքն ունեցել է խաշոր մատենադարան, որտեղ պահում էին շուրջ 10 հազար ձեռագիր մատյաններ: 2010 թվականի աշնանը տրվեց Տաթեւի միջնադարյան վանական համալիրը վերականգնելու ծրագրի մեկնարկն ու իրականացավ «Տաթեւի թեւեր» կոչվող ճոպանուղու բացումը: Աշխարհի ամենաերկար ճոպանուղին դարձած «Տաթեւի թեւեր» -ը (5.7 կմ) անցնում է Որոտան գետի կիրճի եւ փարթամ անտառներով ծածկված բլուրների միջով՝ ստեղծելով օդային ճանապարհ դեպի Տաթի վանական համալիր։

Նորավանք

Նորավանքի վանական համալիրը միջնադարյան եկեղացաշինության լավագույն օրինակներից է։ Այն գտնվում է Վայոց ձորի Արենի գյուղից մոտ 10 կմ դեպի հարավ, Ամաղու գետի գեղատեսիլ կիրճում։ Վանքը հիմնել է Հովհաննես Եպիսկոպոսը 1105 թվականին, իսկ 13-14-րդ դարերին, շնորհիվ Սյունիքում իշխող Օրբելյանների, Նորավանքն ընդլայնվել է՝ դառնալով Սյունիքի հոգևոր, կրթական ու մշակութային կենտրոնը, ինչպես նաև Օրբելյան իշխանական տոհմական գերեզմանատուն: Վանական համալիրը բաղկացած է Սուրբ Կարապետ, Սուրբ Գրիգոր ու Սուրբ Աստվածածին եկեղեցիներից ու գավթից: Համալիրի ամենաազդեցիկ կառույցը Սուրբ Աստավածածին դամբարան-եկեղեցին է: Պատկանում է 14-րդ դարում Հայաստանում տարածված երկհարկ, եռաստիճան եկեղեցիների տիպին: Ճարտարապետական ձևերի ու հարդարանքների նրբագեղությամբ, գեղարվեստական բարձր արժանիքներով համարվում է զարգացած միջնադարյան Հայաստանի ճարտարապետության և դրա վառ ներկայացուցիչ՝ Մոմիկի «կարապի երգը»: Նորավանքի Սուրբ Աստվածածին համարվում է ճարտարապետ, մանրանկարիչ և քանդակագործ Մոմիկի վերջին գլուխգործոցը: Այստեղ կարելի է տեսնել նաև վարպետի ձեռքին պատկանող բարձրարվեստ խաչքարներ, ինչպես նաև նրա հիշատակին նվիրված հուշաքար:

Հաղպատ

Հաղպատի վանական համալիրը գտնվում է Հաղպատ գյուղի հարավարևելյան բարձրադիր մասում` սարահարթի վրա: Այն հիմնադրվել է 976-ին Բագրատունի Աշոտ Գ-ի թագավորության ժամանակ:Համալիրի կազմում են Սբ Նշան, Սբ Գրիգոր, Սբ Աստվածածին (Խաթունաշեն) եկեղեցիները, գավիթը, ժամատունը, գրատուն-մատենադարանը, զանգակատունը, սեղանատունը, մատուռ-դամբարանները, խաչքարերը: Հնագույնը և գլխավորը Սբ Նշան եկեղեցին է, որը 976–991 թթ-ին հիմնադրել են Աշոտ Գ Ողորմած թագավորը և նրա կինը՝ Խոսրովանույշը՝ իրենց Կյուրիկե (Գուրգեն) և Սմբատ որդիների արևշատության համար:Հաղպատ անվանման հետ կապված են բազմաթիվ լեգենդներ, նրանցից մեկի համաձայն Սանահինի իշխաններից մեկը հրավիրում է իր մոտ ճանաչված մի վարպետի՝ վանք կառուցելու համար։ Վարպետը ներկայանում է իշխանին որդու հետ։ Աշխատանքի ընթացքում վեճ է առաջանում հոր և որդու միջև։ Ենթավարպետներից մեկը բռնում է որդու կողմը։ Այսպես, կռվելով հոր հետ, որդին թողնում է աշխատանքը, վեր է կենում և հեռանում։ Ճանապարհին, մի ուրիշ իշխան վարձում է նրանց՝ իր վանքը կառուցելու պատվերով։ Երբ որդու բարձրացրած պատերը հասնում են այնքան, որ տեսանելի են դառնում Սանահինից, աշխատավորները հաղորդում են դրա մասին ծեր վարպետին։ Ոչ աշխատանքային օրը նա որոշում է այցելել որդու շինարարությունը, մոտենում է կիսասարք վանքի պատին և երկար զննում այն։ Բոլորը լուռ սպասում էին ծեր վարպետի գնահատականին։ Վերջապես, նա հրեց շարվածքի քարը և ասաց. «Ախ պատ»։ Այստեղ հայր և որդի գրկախառնվեցին և հաշտվեցին։ Իսկ վանքին մնաց «Հաղպատ» անվանումը։

Հաղպատի համալիրը 1996 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո գտնվող հուշարձանների ցանկում:

Գեղարդ

Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան կողմում՝ Ազատ գետի Գողթ վտակի ձորալանջին է գտնվում Գեղարդավանքը։ Այն հայկական միջնադարյան խոշոր համալիրներից մեկն է՝ հռչակավոր իր ինքնատիպ ու եկեղեցաշինության մեջ եզակի ճարտարապետական հորինվածքով՝ մի մեծ ժայռի մեջ փորված երկու վիմափոր եկեղեցիներով, գավիթով, մեծ ժամատուն-դամբարանով, խցերով ու մատուռներով, որոնք հարավային կողմում ներդաշնակորեն միանալով մեկ ուրիշ գավթի ու եկեղեցու, կազմում են պաշտամունքային մի համալիր՝ բնավ չզիջելով աշխարհի նմանօրինակ մյուս կառույցներին։ Համաձայն լեգենդի` մի ազնվատոհմիկ ընտանիքից քույր և եղբայր որոշում են թողնել աշխարհիկ կյանքը և այս ձորի մեջ տաճար կառուցել: Երկար ժամանակ չկարողանալով որոշել կառուցվելիք տաճարի վայրը` նրանք խնդրում են Աստծուն օգնել իրենց: Առավոտյան արթնանալով տեսնում են իրենց բրիչը` խրված լեռան կատարին: Նրանք քրտնաջան աշխատանքով աստիճանաբար ժայռի մեջ բաց են անում հրաշագեղ մի տաճար և մինչև կյանքի վերջ հավատով ապրում և ծառայում են տաճարին:

Ի սկզբանե կոչվել է Այրիվանք՝ միաբանների ձեռքով փորված բնական այրերն իբրև ճգնարաններ օգտագործելու պատճառով: Շրջակայքում գտնվել են այդպիսի շուրջ 140 այր, որ ընդամենը մի մասն է բազում ճգնարանների, որոնք դարերի ընթացքում փլուզվել են՝ փխրուն նստվածքային ապարների մեջ փորված լինելու պատճառով: 13-րդ դարից սկսած՝ Այրիվանքը մատենագրության մեջ և բանավոր խոսքում աստիճանաբար վերանվանվել է Գեղարդավանք՝ ի պատիվ նույն դարից այստեղ պահվող Հայաստանյայց Եկեղեցու մեծագույն սրբություններից մեկի:

Գեղարդավանքն այսօր էլ իր այցելուներին զարմացնում է ճարտարապետական անկրկնելի կառուցվածքով, պատմական հետաքրքիր դրվագներով և իր լեգենդներով։

Հաղարծին

Հաղարծնի վանքը (Հաղարծնավանք) գտնվում է Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 18 կմ հյուսիս` Հաղարծին գետակի վերին հոսանքի գեղատեսիլ կիրճում: Վանքային համալիրի կազմի մեջ են մտնում եկեղեցիներ, գավիթներ, սեղանատունը, ինչպես նաև Կյուրիկյան թագավորների գերեզման-դամբարանը:

Հաղարծնի վանքի շրջակայքում կան մատուռներ և խաչքարեր: Սեղանատնից ոչ հեռու գտնվում են վանական խոհանոցի մնացորդները: Պեղումների ժամանակ այստեղ հայտնաբերվել է 350 կգ կշռող բրոնզե կաթսա (1232թ.), որը հիմա պահվում է Հայաստանի Պատմության թանգարանում: Եկեղեցու գավիթի հարավային պատերի տակ պահպանվել են թագավորներ Գագիկ և Սմբատ Կյուրիկյանների դամբարանի հիմքերը: Համալիրի ամենահին կառույցը Սուրբ Գրիգոր եկեղեցին է (10-րդ դար): Այն կառուցել են Բյուզանդիայի տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանից հալածանքներից փախած վանականները։ Հաղարծնավանքը ավերվում է սելջուկ-թուրքերի արշավանքների ժամանակ և վերականգնվում միայն 12-րդ դարում վրաց թագավոր Գեորգի III և հայ իշխանների կարգադրությամբ: Ապա դարերի ընթացքում Հաղարծինը կրկին ենթարկվում է հատվածային փլուզումների և 2008 թ. վերանորոգվում արաբ Շեյխ Սուլթան բին Մուհամմադ Ալ Կասիմի ֆինանսավորմամբ:

Սևանավանք

Սևանի վանական համալիրը հնագույն քրիստոնեական կոթողներից է, որը հիմնադրել է Գրիգոր Ա. Լուսավորիչը 305 թ. Սևանա կղզում (այժմ թերակղզի): Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում և տարածքում եղել է հեթանոսական մեհյան։ Ավելի ուշ Սևանը իրենց հենակետն են դարձրել Սյունյաց իշխանները և 874 թվականին Աշոտ Բագրատունի թագավորի դուստրը, Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կինը` Մարիամը, այստեղ կառուցել է երկու եկեղեցի` Առաքելոց (փոքրը) և Աստվածածին, որոնք առ այսօր գործում են: Վանական համալիրի արևմտյան կողմում կցվել է գավիթ, որը հնագույններից է (կանգուն էր մինչև 1930-ական թթ.): Գավթի սյուները պսակել են փայտե քանդակազարդ խոյակները, որոնք այժմ պահվում են Հայաստանի Պատմության պետական թանգարանում և Էրմիտաժում։ Ենթադրվում է, որ խոյակները բերվել են որևէ պալատական շենքից։ Նրանք հայկական միջնադարյան փայտագործական արվեստի արժեքավոր նմուշներ են։

Թերակղզին համարվում է Գեղարքունիքի մարզի գլխավոր տուրիստական գրավչության օբյեկտ` անտառներով, շրջակա հյուրանոցային համալիրներով և սպասարկման տաղավարներով:

Գոշավանք

Տավուշի մարզի Գոշ գյուղում՝ Գետիկ գետի վտակի ափին է գտնվում 12-13-րդ դդ. կրոնական, կրթական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը՝ Նոր Գետիկ (Գոշավանք) վանքային համալիրը։ Գոշավանք անունն ստացել է 1213 թ-ին` Մխիթար Գոշի պատվին, ով 1188 թ-ին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է վանքը: Այն ունեցել է վարժարան, համալսարան ու ճեմարան, վանքում նաև ընդօրինակվել, գրվել և պահվել են բազմաթիվ ձեռագրեր: Ճարտարապետական համալիրում պահպանվել են 2 եկեղեցի, գավիթը, 2 մատուռ, երկհարկ գրատուն-զանգակատունը՝ կից ժամատան մնացորդներով, խաչքարեր, փոքր շինությունների հիմքեր: Գոշավանքի տարածքում կան գերեզմաններ, խաչքարեր, փոքր մատուռներ: Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առջև տեղադրված Պողոս վարպետի 2 խաչքարերից մեկը 1935 թ-ին տեղափոխվել է Հայաստանի պատմության պետական թանգարան: Գոշավանքը պատմական աղբյուրներում անվանվել է` վարժարան, վարժապետարան, համալսարան, ճեմարան։ Այստեղ պահվել և ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր։ Վանքն ունեցել է այգիներ, ջրաղացներ, գյուղեր, վարելահողեր, անտառներ, ամառանոցներ։

1958 թ-ին Մխիթար Գոշի դամբարանի մոտ կանգնեցվել է նրան նվիրված հուշակոթող, 1972 թ-ին հիմնադրվել է Գոշավանքի թանգարանը, 1978 թ-ին բարեկարգվել է վանքի տարածքը:

Պատրաստեց Գոհար Ավետիսյանը

Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Հայաստան

Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Միացյալ Նահանգներ

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Հայաստան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

Հայաստան

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում