Հասարակական

Դիարբեքիրից երկու ծպտյալ հայեր մկրտվեցին Սուրբ Էջմիածնում

6 րոպեի ընթերցում

Դիարբեքիրից երկու ծպտյալ հայեր մկրտվեցին Սուրբ Էջմիածնում

ԷՋՄԻԱԾԻՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքից ավելի քան 50 ծպտյալ հայեր ՀՀ սփյուռքի նախարարության կողմից հյուրընկալվել են Հայաստանում: Օգոստոսի 5-ին Էջմիածնի Մարիամ Աստվածածին Սուրբ եկեղեցում կայացավ նրանցից երկուսի մկրտությունը:

Դիարբեքիրը համարվում է Թուրքիայի քրդաբնակ շրջաններից մեկը, ուր ապրում են նաև մեծ թվով ծագումով հայեր, ովքեր միայն վերջերս են սկսել հայտնել իրենց իրական էթնիկ ծագման մասին:

Էջմիածնում մկրտվելու որոշում էին կայացրել Ռահիմ Կարաքաշն ու Ստեփան Չելիքը, ովքեր մկրտվելուց հետո ստացան Անժել ու Ստեփան անունները:

Տիկին Անժելի խոսքով` երկար տարիներ փափագել է մկրտվելու և քրիստոնյա դառնալու մասին ու միայն Հայաստանում կայացրել վերջնական որոշումը: «Ես երկար տարիներ ցանկանում էի անիրավության դեմ պայքարել ու դառնալ հայ քրիստոնյա: Հայաստան գալուց հետո շատ հուզվեցի ու որոշեցի, որ ճիշտ ժամանակն է որոշումս իրագործելու»,-ասաց նա:

Դիարբեքիրցի կինն ամունացած է թուրք մահմեդականի հետ ու դեռ չգիտի ինչպիսին կլինի ամուսնու արձագանք իր այդ քայլին: «Ամուսինս ու երեխաներս տեղյակ չեն որոշմանս մասին, ամուսինս չգիտեմ ինչպես կընդունի այն: Բայց ես, 52 տարեկան լինելով, միայնակ եմ այս որոշումն ընդունել ու դրա հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ ցանկացա հորս խնդրանքը կատարել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` շեշտեց Անժել-Ռահիմ Կարաքաշը: Նա նաև հավաստեց, որ Հայաստանում փորձելու է հայերեն խոսել սովորել:

Ստեփան Չելիքը ևս նշեց, որ վաղուց ունեցել է մկրտվելու մտադրություն ու պատրաստվում էր Դիարբեքիրում վերանորոգված Սուրբ Կիրակոս եկեղեցում այն իրագործել: «Երկարատև ժամանակ ես էլ էի մտածում կնքվելու ու քրիստոյա դառնալու մասին, ավելին, մտածում էի Սուրբ Կիրակոսում դա անել: Բայց երբ Հայաստան գալու գաղափարը եղավ, կես կատակ կես լուրջ ընկերջս, ով կնքվել էր Սուրբ Կիրակոսում, ասեցի, ես Սուրբ Էջմիածնում կնքվելով «ավելի» քրիստոնյան պետք է դառնամ: Ու այդպես էլ արեցի»,-ժպտալով պատմեց Ստեփան Չելիքը:

Անժելի ու Ստեփանի կնքահայրն ու կնքամայրն էլ Ստանբուլում ապրող Վարուժան Ասատուրն ու Անուշ Ասատուրն են, ովքեր դիարբեքիրցիների հետ հանդիպել են 2011-ին Հայաստանում Համահայկական խաղերի ժամանակ: «Այդ ժամանակվանից բարեկամություն ենք անում նրանց հետ: Իրենք ընտրեցին մեզ որպես կնքահայր: Միգուցե մտածեցին, որ մենք հայերեն գիտենք, ավանդույթներին ավելի ծանոթ ենք, իրենցից ավելի շատ բան գիտենք, բայց նաև մեր միջև եղած եղբայրության համար»,-նշեց Վարուժան Ասատուրը` հավելելով, որ պատրաստ է կատարել կնքահոր բարդ պարտականությունը:

Անուշ Ասատուրի խոսքով էլ` իրենց համար անակնկալ էր ու մեծ պատիվ լինել դիարբեքիրցի հայերի կնքահայրն ու կնքամայրը: «Շատ ազդվեցինք և ուրախացանք, որ մեզ էին ընտրել: Շատ պատմական օր ունցանք այսօր, քանի որ 100 տարի հետո հայերի հոգիների հետ միացանք ու դա արեցինք Սուրբ Էջմիածնում, ինչը մեզ համար մեծ նշանակություն ունի»,-ասաց Անուշ Ասատուրը:

Սուրբ մկրտության արարողությունը կատարեց Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ով դիարբեքիրցի հայերին պատգամեց տեսնել Էջմիածնի Մայր Տաճարը, ուր Լուսավորչի տեսիլքում իջել է Հիսուս Քրիստոսը: «Աշխարհի մեջ երկու տեղ կա, որ իջել է նա, մեկ Երուսաղեմն է, մյուսը`Էջմիածինը: Այնտեղը, ուր պիտի քայլեք, սրբության մեջ է գտնվում: Վանքի տարածքում մենք շատ զգույշ ու ուշադիր պետք է քայլենք, որովհետև 1915թվականին, երբ մեր ժողովրդին բավականին մեծ վնաս հասցրին ու ցեղասպանություն տեղի ունեցավ, մեր ամեն ինչը խլեցին, ատ մարդիկ այստեղ եկան: Նրանց մեջ կային որբեր, հիվանդներ, տնազուրկ եղած մարդիկ, ովքեր բնակվեցին այդ տաճարի շուրջը, և եկեղեցին էր, որ իրենց կերակրում էր, ջուր էր տալիս, խնամում: Այդտեղ մահացան, այդտեղ թաղվեցին, այդ ամբողջ տարածքը մեր ժողովրդի արյան հետ է խառնված: Մեկ անգամ մեր երկիրը սրբագործեց Հիսուսի անունով 4-րդ դարում, երկրորդ անգամ վերասրբագործվեց նույն Հիսուսի անվան համար, նույն հայության համար 20-րդ դարում մեր արյամբ»,-ասաց Բագրատ Սրբազանը:

Նա հիշատակեց 1937 թվականին թուրքական բանտում սպանված մի սրբազանի պատմությունը, ում առաջարկում էին ուրանալ հավատը ողջ մնալու համար: «Բայց նա ասաց, որ Սուրբ Էջմիածնի պատմությունը մեծ է, շատ մեծ է մեր պատմության մեջ, շատ թշնամական ժամանակներ են եկել ու անցել, այս ժամանակն էլ կանցնի, դուք էլ կգնաք, ես էլ, բայց Էջմիածինը կմնա»,-եզրափակեց Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Դիարբեքիրից Հայաստան ժամանած խմբի ղեկավար, կանադահայ Րաֆֆի Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Դիարբեքիրում ապրում են հազարավոր հայեր, ովքեր ժամանակի ընթացքում վերադառնում են իրենց արմատներին: «Սուրբ Կիրակոս եկեղեցին վերանորոգելուց հետո թաքուն հայերը քաջությամբ ի հայտ եկան և, իրենց քաջությունը տեսնելով, մենք կազմակերպեցինք հայերենի դասընթաց: Հիսուն հոգի շրջանավարտներն այսօր եկել են Հայաստան: Այժմ նրանք լեզուն հասկանալու վիճակի մեջ են, այբուբենն են սովորել, այստեղ էլ պիտի շարունակեն լեզվի ուսուցումը: Հայաստանում ման գալուց հետո 5 օր Սփյուռքի նախարարության ճամբարում պետք է դասեր առնեն, վերադառնալուց հետո դասերը պետք է վերսկսեն Տիգրանակերտում»,-ասաց Րաֆֆի Պետրոսյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում