Տարածաշրջանային

Ադրբեջանում ձերբակալել են Լեյլա Յունուսի ամուսնուն` Արիֆ Յունուսին

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանում ձերբակալել են Լեյլա Յունուսի ամուսնուն` Արիֆ Յունուսին

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում շարունակվում են իրավապաշտպանների դեմ հալածանքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ» թերթը հայտնում է, որ այսօր առավոտյան ադրբեջանական իրավապահները բերման են ենթարկել Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի ամուսնուն` Արիֆ Յունուսին: Արիֆ Յունուսին իրավապահները կանգնեցրել եւ իրենց հետ տարել են այն պահին, երբ նա սնունդ էր բերել հետաքննչական վարչության մեկուսարանում գտնվող իր կնոջը:

Յունուսների փաստաբան Խալիդ Բաղըրովը «Թուրան»-ին հայտնել է, որ Արիֆ Յունուսին հարցաքննության են տարել Գլխավոր դատախազություն` ծանր հանցագործությունների գծով հետքննչական վարչության քննիչ Իբրահիմ Լամբարանսկիի մոտ: Փաստաբանն անհանգստություն է հայտնել, որ հնարավոր է կալանավորեն նրան եւս:

Բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ շարունակում են հանդես գալ ադրբեջանցի իրավապաշտպաններին ազատ արձակելու Ադրբեջանին ուղղված կոչերով: Հերթական կոչը հնչել է Ֆրանսիայից: Պաշտոնական Փարիզը Ադրբեջանի իշխանությանը կոչ է արել անհապաղ ազատ արձակել իրավապաշտպան Լեյլա Յունուսին: Այս մասին ասվում է Ֆրանսիայի արտաքին գործերի եւ միջազգային զարգացման նախարարության տարածած հայտարարության մեջ:

«Այս տարվա մայիսին Ադրբեջան կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահը հանդիպել էր իրավապաշտպան Լեյլա Յունուսի հետ, ով մարդու իրավունքների բնագավառում հարգված անձ է: Այդ բնագավառում կատարած ծառայությունների համար Լեյլա Յունուսը 2013 թվականին պարգեւատրվել է Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանանով», -ասվում է հայտարարության մեջ:

Ֆրանսիան Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում Լեյլա Յունուսին կալանքից ազատ արձակել իրավապաշտպանի վատառողջ լինելու պատճառով: Պաշտոնական Փարիզը ադրբեջանական իշխանություններին կոչ է անում հարգել Լեյլա Յունուսի պաշտպանվելու, ինչպես նաեւ իր փաստաբանի հետ առանց խոչընդոտների հանդիպելու իրավունքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում