2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք լրագրող Աքիֆ Աքալընը հարուստ փաստագրական նյութերի հիման վրա բացահայտել է, որ Թուրքիայի առաջին կին բժիշկը հանդիսանում է ԱՄՆ-ում կրթություն ստացած Զարուհի Կավալջյանը, եւ ոչ թե Գերմանիայում կրթություն ստացած ծագումով թուրք բժիշկ Սաֆիե Ալի Քրեքելերը (1894-1952), ինչպես ներկայացվում է պաշտոնապես: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրք լրագրողը հայտնում է Hyetert-ում հրապարակած հոդվածում:
Օսմանյան Թուրքիայում 1898 թվականին ընդունված օրենքով կանանց արգելվում էր բժշկական կրթություն ստանալ: Զարուհի Սերոբի Կավալջյանը 1875 թվականին Բոստոնի համալսարանի բժշկական ֆակուլտետի շրջանավարտ, Ստամբուլի մոտ գտնվող Իզմիթ եւ Ադափազար քաղաքներում ճանաչված հայտնի բժիշկ Սերոբ Կավալջյանի դուստրն է: 1898 թվականին ավարտելով Ադափազարի ամերիկյան քոլեջը` Զարուհի Կավալջյանն ընդունվել է Չիկագոյի Իլինոյս համալսարանի բժշկական ֆակուլտետը: 1903 թվականին ավարտելով համալսարանը` Զարուհի Կավալջյանը դառնում է Թուրքիայի առաջին կին բժիշկը:
Իլինոյսի համալսարանի բժշկական ֆակուլտետի 1903 թվականի շրջանավարտների վերաբերյալ արխիվային փաստաթղթում նշվում է. «Քանի որ Աբդուլ Համիդ երկրորդի ժամանակաշրջանում որպես բժիշկ թույլատրվում էր աշխատել միայն ոչ կայսրության քաղաքացի հանդիսացող կանանց, Զարուհի Կավալջյանին չի հաջողվել բժիշկ աշխատել: Նա ընթերակայել է իր բժիշկ հոր մոտ եւ Ամերիկյան քոլեջում դասավանդել կենսաբանություն: Սերոբ Կավալջյանի կաթված ստանալուց հետո նրա հիվանդների բուժման գործը ստանձնած Զարուհի Կավալջյանը Առաջին համաշխարհային պատերազմի դժվարագույն պայմաններում ակտիվորեն բժշկությամբ է զբաղվում` ծառայություն մատուցելով տարբեր հիվանդանոցներում: Հետագայում բնակություն հաստատելով Ստամբուլում եւ շարունակելով դասավանդել Սկյութարի ամերկյան օրիորդաց քոլեջում` նա ծառայություններ է կատարում դոկտոր Քավալ անվամբ:
Զարուհի Կավալջյանը մահացել է Սկյութարում 1969 թվականի հունիսի 30-ին 92 տարեկան հասակում: Թաղվել է Ստամբուլի Ֆերիքյոյ թաղամասի հայկական բողոքական գերեզմանոցում իր քրոջ կողքին: