«Նոր գիրք»-1. Հայաստանում հրատարակվող նոր գրքերը՝ «Արմենպրես»-ի «Նոր գիրք» նախագծում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ: Իրականացնելով գրքերի վաճառքի խթանմանը նպաստող և գրականության նկատմամբ սեր սերմանող «Երևանյան բեսթսելեր» և «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծերը, գործակալությունը ձեռնամուխ է լինում բոլորովին նոր նախագծի իրագործմանը:

Այսուհետև ամեն երկուշաբթի գործակալության կայքում կարող եք տեղեկություն ստանալ այս տարի հայկական հրատարակչությունների նախաձեռնությամբ հրատարակված գրքերի մասին, կարդալ գրքերի նկարագրությունը, ծանոթանալ դասական և արդի գրականության զարգացման միտումներին: Մենք սկսում ենք ձեզ ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2014 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ չորս խորագրերի ներքո:

Հայ դասականների գործեր

Համո Սահյան, «Ինձ բացակա չդնեք»

«Ինձ բացակա չդնեք» գրքում ամփոփված են Համո Սահյանի 1986-92թթ. գրած բանաստեղծությունները: Ու թեև ժողովածուն կազմել է ինքը և հանձնել տպագրության, սակայն այն լույս է տեսել միայն 1999 թ.: Տպագրված բանաստեղծությունները ներկայացնում են բնության մարդկայնացումը և մարդու բնականացումը, արձագանքն են ժամանակի նշանավոր իրադարձությունների և կրում են մեծ բանաստեղծի կենսափիլիսոփայական տոգորումների կնիքը: Գիրքը բաղկացած է 256 էջից: Այն լույս է ընծայել «Զանգակ» հրատարակչությունը:

Ժամանակակից գրողների գործեր

Աղվան Վարդանյան, «Ելք երկրից»

«Ելք երկրից» բանաստեղծությունների ժողովածուն Աղվան Վարդանյանի մոտ 20 տարի տևած բանաստեղծական բացակայությունը վերածում է բանաստեղծական ներկայության, ընդ որում` անհրաժեշտ ներկայության: Նրա` զվարթ հայերենի, խաղաղ ռիթմերի մեջ պրկված նյարդային-ազդեցիկ խոսքը մեր դժվար ժամանակների ճշգրիտ արտացոլումն է: Գրքում օգտագործված են դրվագներ Էդուարդ Խարազյանի «Ձորաղբյուր» կտավից: Գիրքը բաղկացած է 168 էջից: Այն հրատարակել է «Անտարես»-ը:

Թարգմանություն այլ լեզվից

Զոյա Փիրզադ, «Ինչպես բոլոր երեկոները»

Արձակագիր և թարգմանիչ Զոյա Փիրզադը կյանքի իմաստը փնտրում է մարդկային առօրյա հարաբերություններում, առտնին հոգսերում և ուրախություններում: Նա փորձում է շրջապատող աշխարհը ճանաչել չնչին ու աննշմարելի թվացող մանրուքների մեջ: Նրան համարում են մանրամասնի, պարզության, կանացի նուրբ հոգեբանության մեծ վարպետ: Գրականություն է բերել իրականությունը պատկերելու նոր լեզու, նոր խոսք, նոր թեմատիկա, պատկերավորման նոր միջոցներ, պատումի կառուցման նոր ձև ու եղանակ: Փիրզադը առաջիններից մեկն իրանական ժամանակակից գրականությունը դուրս բերեց երկրի սահմաններից ու ճանաչելի դարձրեց աշխարհին: Պատմվածքների ժողովածուն բաղկացած է 164 էջից: Այն հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

Մանկական գրականություն

Լուիս Քերոլ «Ալիսը հրաշքների աշխարհում»

Սպիտակ ճագարին հետևելով` Ալիսն ընկնում է անհատակ մի հորի մեջ ու հայտնվում արտասովոր աշխարհում, որտեղ ֆիզիկայի օրենքները ենթարկվում են երևակայության քմահաճ պահանջներին:

Վառ և ինքնատիպ նկարազարդումները բացահայտում են ստորերկրյա զարմանալի աշխարհի ողջ կախարդանքը: Գիրքը բաղկացած է 80 էջից: Այն հրատարակել է«Զանգակ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին